AM
12 May 2009 - 14:47 AMT

Ղազախստանն առաջարկում է ակտիվացնել հատիկավորների առաքումը Հայաստան

Երեւանում ընթանում է Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը: Նիստի ընթացքում ղազախական կողմը հանդես է եկել Ղազախստանից Հայաստան հատիկավորների առաքումն ակտիվացնելու առաջարկությամբ: Ըստ PanARMENIAN.Net-ի թղթակցի տվյալների, Ղազախստանից Հայաստան առաքվել էր 9 մլն դոլար գումարի հատիկավոր: Նիստի շրջանակներում, Հայաստանի գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ, միջկառավարական հանձնաժողովի Հայաստանը ներկայացնող համանախագահ Սամվել Ավետիսյանը մատնանշել է ղազախական արտադրանքների բարձր որակը: Նրա խոսքերով, Հայաստանը Ղազախստան արտահանում է, հիմնականում, գյուղատնտեսական արտադրանք, վերամշակող արդյունաբերության արտադրանքները (ալկոհոլային խմիչքները): Ինչպես նշել է Սամվել Ավետիսյանը, ղազախական կողմի համար հետաքրքրություն են ներկայացնում հայկական բանջարեղենն ու մրգերը, որոնք պահանջարկ կունենան հատկապես Ղազախստանի հյուսիսային շրջաններում: