Բացվել է CaseKey ակադեմիան, ինչը նոր շունչ է խոստանում հաղորդել բիզնես կրթությանը Հայաստանում։ Ակադեմիան իր դռներն է բացել երիտասարդ մասնագետների և ուսանողների համար՝ նպատակ ունենալով զարգացնել նրանց բիզնես հմտությունները և խթանել միջազգային համագործակցությունը:
CaseKey-ի համահիմնադիր Արշակ Կարապետյանի խոսքով՝ Ակադեմիան հնարավորություն կտա Հայաստանի կրթական համակարգին լինելու ավելի մրցունակ միջազգային ասպարեզում, ինչպես նաև կսահմանի նոր նշաձող այս ոլորտում։
Վստահելով CaseKey-ի թիմին և հաշվի առնելով տարիների արդյունավետ համագործակցությունը՝ Team Telecom Armenia-ն դարձել է Ակադեմիայի գործընկերը։
Team-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հյուրերի հետ կիսվել է ընկերության IPO-ի իրականացման և խոսել նման խոշորամասշտաբ նախագծերի ընթացքում թիմային աշխատանքի ու առաջնորդության կարևորության մասին։
Այնուհետև շնորհավորելով Ակադեմիայի հիմնադիրներին և ուսանողներին՝ նա նշել է․ «Որպես տելեկոմ ոլորտի առաջատար ընկերություն՝ Team Telecom Armenia-ն շարունակելու է ներդրումներ կատարել կրթության մեջ և գործակցել առաջատար ընկերությունների ու կազմակերպությունների հետ՝ տրամադրելու լավագույն հնարավորությունները մեր երիտասարդներին»:
Ակադեմիան CaseKey մրցույթի կրթական բաղադրիչն է, որի ծրագիրը մշակվել է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի պրոֆեսոր և համալսարանի բիզնես խնդիրների լուծման թիմի գլխավոր մարզիչ Պիտեր Վերհալենի հետ համատեղ, ով նաև վարելու է ամբողջ կրթական ծրագիրը:
«Այս ծրագիրը Հայաստանի ուսանողներին կտա հնարավորություն զինվելու գլոբալ բիզնեսի վերլուծության հմտություններով, կատարելագործել իրենց փորձառությունը և կստեղծի նախադրյալներ վաղվա լիդերներ դառնալու համար։ Շնորհակալություն եմ հայտնում Team Telecom Armenia-ին ուսանողներին այս հնարավորությունը ընձեռելու համար»,- նշել է Պիտեր Վերհալենը։
Ակադեմիայի դասընթացներին մասնակցելու հետաքրքրությունն այնքան մեծ է եղել, որ կազմակերպիչները ավելացրել են նաև հեռավար դասաընթացների ձևաչափը։ Երկամսյա ինտենսիվ ուսուցմանը նախատեսված 100-ի փոխարեն մասնակցելու է 190 ուսանող Հայաստանի տարբեր համալսարաններից։ Պրոֆեսոր Վերհալենը աշխատելու է նաև տեղացի մարզիչների հետ՝ փոխանցելով իր միջազգային փորձը և կիսվելով արդյունավետ մարզչական տեխնիկաներով: Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր։