AM
26 June 2024 - 14:28 AMT

2025–ին Ճապոնիայում առաջին Թումո կենտրոնը կբացվի

Ճապոնիայում առաջին Թումո կենտրոնը կբացվի, հայտնում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։

Ճապոնիայի Տակասակի քաղաքում Թումոյի ղեկավարներ Մարի Լու Փափազյանը և Բեկոր Փափազյանը և Գունմա պերֆեկտուրայի նահանգապետ Իչիտա Յամամոտոն ստորագրել են համաձայնագիր, ըստ որի Ճապոնիայում առաջին Թումո կենտրոնը՝ Թումո Գունման դռները կբացի 2025–ի ամռանը:

«Համոզված եմ, որ Թումո Գունման կդառնա մեր երկրում բազմաթիվ Թումո կենտրոններից առաջինը և ճանապարհ կհարթի դեպի ավելի ամուր ՏՏ հարաբերություններ Հայաստանի և Ճապոնիայի միջև», – ընդգծել է պարոն Յամամոտոն:

Թումոյի հեղինակային կրթական ծրագրի կիրառմամբ՝ կենտրոնը 21-րդ դարի հմտություններով կապահովի 1000 պատանու:

«Թումոն սովորելու մասին է: Մեզ համար կարևոր է ինչպես ճապոնացի պատանիներին սովորելու նոր հնարավորություններ ընձեռելը, այնպես էլ միջազգային գործընկերներից սովորելը», – նշել է Թումոյի զարգացման տնօրեն Բեկոր Փափազյանը:

Ներկայումս Թումո կենտրոններ են գործում աշխարհի ութ քաղաքներում՝ Փարիզում, Լիոնում, Բեռլինում, Մանհեյմում, Կոիմբրայում, Կիևում, Տիրանայում և Բեյրութում: Նախատեսվում է նաև բացել նոր կենտրոններ Ամստերդամում, Լոս Անջելեսում և մի քանի այլ քաղաքներում: