Երևանում կներկայացվի պրեմիում դասի Pullman բրենդը. հայկական «Տեխնոտուն» ընկերությունը և Ֆրանսիական Accor-ը հուլիսի 2-ին համագործակցության հուշագիր են կնքել։
«Տեխնոտունը» Հայաստանում կառուցելու է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող համալիր` Pullman Living and Residences Yerevan-ը, և ըստ հուշագրով ամրագրված համագործակցության՝ համալիրը կառավարվելու է ֆրանսիական Accor խմբի Pullman բրենդի կողմից։
Հուշագիրը ստորագրել են «Տեխնոտուն» ընկերության տնօրեն Տիգրան Մնացականյանը և «Ակոր» խմբի Նոր Արևելյան Եվրոպայի գլխավոր գործառնական տնօրեն Ալեքսիս Դելարոֆը։ Ստորագրման արարողությանը ներկա էր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Այս համագործակցությունը թե՛ մեր ու թե՛ Հայաստանի համար կարևոր է ինչպես խոշոր ներդրման, այնպես էլ սպասարկման ոլորտում նորարարության, նոր կոնցեպտ և միջազգայնորեն նման ճանաչավածություն ու հեղինակություն ունեցող բրենդի ներկայացվածության տեսանկյունից։ Մեզ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է, որ այն բարձր չափանիշները, որոնք ի սկզբանե դրել էինք մեր ընկերության առջև, համապատասխանում են միջազգային Accor ընկերության պահանջներին ու ստանդարտներին, ինչի շնորհիվ էլ մենք այսօր մեկնարկում ենք այս համագործակցությունը»։
Հյուրանոցային խոշոր խմբերից Accor-ի Pullman բրենդն առաջին անգամ է ներկայացվելու Հայաստանում՝ հայկական «Տեխնոտուն» ընկերության հետ համագործակցության շնորհիվ։ Accor-ն աշխարհի 10 խոշոր հյուրանոցային խմբերից մեկն է, որը ներառում է մոտ 5600 հյուրանոց, 10,000 ռեստորան և սրճարան աշխարհի ավելի քան 110 երկրում։ Խումբն ունի հյուրընկալության ամենաբազմազան էկոհամակարգերից մեկը, ոլորտային նախագծերի տարաբնույթ պորտֆոլիո, որը ներառում է ավելի քան 40 հյուրանոցային բրենդ՝ Raffles, Rixos, Swissôtel, Fairmont և այլն։ Pullman-ը Accor խմբի պրեմիում դասի բրենդերից է։
Accor խմբի Նոր Արևելյան Եվրոպայի գլխավոր գործառնական տնօրեն Ալեքսիս Դելարոֆի հավաստամամբ այս նախագիծը քաղաքում յուրահատուկ է լինելու։
«Accor ընկերությունը հպարտ է այս յուրահատուկ միջոցառման մասը լինել։ Մենք շատ ուրախ ենք, որ շինարարությունն արդեն սկսվել է, տարածքից բացվում է Երևանի բացառիկ տեսարանը։ Սա, միանշանակ, քաղաքում կլինի յուրահատուկ նախագիծ, և Pullman բրենդի մուտքը Հայաստանում կամրապնդի նախագծի բարձր որակը։ Նախագիծը յուրահատուկ է նաև այն առումով, որ Երևանում բրենդավորված բնակելի համալիրները շատ չեն․ այն, ինչ մենք բերում ենք Հայաստան, նոր է, և մենք այս գործում առաջատարներից ենք, ինչի առթիվ շատ ուրախ եմ։ Վերջին տարիների մենք ականատեսն ենք լինում Հայաստանի զարգացմանը, մայրաքաղաքում տեղի ունեցող փոփոխություններին և ուզում ենք այս ամենի մի մասը լինել ու համագործակցել այս հզոր գործընկերոջ հետ։ Սա է մեր համագործակցության հիմքում»,-նշել է Ալեքսիս Դելարոֆը։
Հուշագրի ստորագրման միջոցառումը տեղի է ունեցել Նորքի Այգիներ 180 հասցեում, որտեղ էլ կառուցվում է համալիրը։ Միջոցառման ընթացքում տեղում պատրաստվել է համագործակցության մեկնարկը նշանավորող խորհրդանիշ, որի պատրաստմանն անմիջական մասնակցություն են ունեցել Տիգրան Մնացականյանը և Ալեքսիս Դելարոֆը։

Բրենդավորված բետոնե բլոկը հետագայում իր տեղն է ունենալու արդեն պատրաստի համալիրում։
Pullman Living and Residences Yerevan-ը գտնվելու է մայրաքաղաքից 150 մետր բարձրության վրա, ինչն ապահովում է երևանյան համայնապատկերի անկրկնելի տեսարան, մաքուր օդ, ապրելակերպի համար բացառիկ հնարավորություններ։ Նախագծի ընդհանուր տարածքը 20,000 քմ է՝ հագեցած կանաչապատ տարածքներով, տարբեր ենթակառուցվածքներով և ժամանակակից լուծումներով։ Նախագծի ներդրումային բյուջեն ավելի քան 100 մլն դոլար է։
«Ռեզորթ, որտեղ ապրում են» փիլիսոփայությամբ առաջնորդվող Pullman Living and Residences Yerevan նախագիծն ընձեռելու է ապրելակերպի նոր հնարավորություններ՝ հյուրանոցային մակարդակի բարձրակարգ սպասարկումով, պայմաններով ու ենթակառուցվածքներով։
Համալիրն ունենալու է երկու ձևաչափ՝ living և residence։ Համալիրի մեծ մասը նախատեսված է մշտական բնակության համար, ապահովված են լինելու բոլոր պայմանները, երեխաների հետ ապահով ու անվտանգ ապրելու, ընտանիքով նոր կենսակերպ վարելու համար անհրաժեշտ հնարավորություններն ու ենթակառուցվածքները։ Living հատվածում բնակարաններ ձեռք բերելը երաշխավորում է կայուն ներդրում։ Pullman-ի Living կոնցեպտը, որը շուկայում համեմատաբար նոր է, առաջարկում է երկարաժամկետ կեցության հնարավորություն՝ հյուրանոցային ծառայությունները համատեղելով բնակարանային հարմարավետության հետ:
Այս ձևաչափը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր, օրինակ Հայաստան են գալիս աշխատելու և փնտրում են միջնաժամկետ կամ երկարաժամկետ բնակության տարբերակներ։ Բնակարանների կահավորումն ու վերանորոգումն իրականացվելու են Pullman-ն ի ամենաբարձր չափանիշներով ու սպասարկվելու են Pullman-ի կողմից։
Սպորտի ուղղվածությունը համալիրի հիմնական առաջնահերթություններից է։ Սպորտի սիրահարների համար կոնցեպտն առաջարկում է լավագույն սարքավորումներով հագեցած մարզասրահներ, ֆուտբոլի և թենիսի դաշտեր, լողավազան, հեծանվային վազքուղի և այլն։
Համալիրի բնակիչները բացառիկ հնարավորություն են ունենալու նաև օգտվել Accor ակումբի հնարավորություններից։ Accor անդամակցության ակումբը, որը հայտնի է որպես «ALL – Accor Live Limitless», իր անդամներին տրամադրում է բացառիկ արտոնություններ, պարգևներ և անհատականացված փորձառություններ Accor-ի բոլոր հյուրանոցներում, հանգստյան տներում և բնակարանային կոմպլեքսներում։ ALL ծրագիրն առաջարկում է Classic, Silver, Gold, Platinum և Diamond անդամակցության տարբերակներ։
ALL ծրագիրն ունի համագործակցություն մի շարք ընկերությունների հետ, որը թույլ է տալիս անդամներին կուտակել միավորներ կամ օգտվել այնպիսի արտոնյալ ծառայություններից, ինչպես օրինակ՝ մեքենաների վարձույթ, սնունդ, ժամանց և այլն: ALL անդամները կարող են օգտագործել իրենց միավորները՝ ամրագրելու այնպիսի փորձառություններ, ինչպիսիք են խոհարարական տուրերը, սպա-պրոցեդուրաները, սպորտային և մշակութային միջոցառումները։