Առաջիկայում Հայաստանի խանութներում հնարավոր կլինի QR կոդով պարզել մսամթերքը տեղական է, թե ներկրված։ Կառավարությունը համապատասխան որոշում է կայացրել։
Ներկայացնելով հարցը՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել է, որ նախագծով կարգավորվում է կենդանական ծագման մթերքի և հումքի նույնականացումը։
«Տեսանելի վայրում փակցված կլինի QR կոդ, որի միջոցով հնարավոր կլինի իմանալ մսամթերքը տեղական է, թե ներմուծված է։ Տվյալներ կլինեն նաև այն մասին, թե երբ է եղել սպանդը, որ արտադրողի մոտ, ինչ կենդանի է և այլն»,– ասել է նա։
Անդրադառնալով սպանդանոցների հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ ժամանակին շարժական սպանդանոցների մասին որոշում է ընդունվել հեռավոր գյուղերի համար, սակայն կան խնդիրներ և պետք է խթանել այդ գործընթացը։