ՀՀ կառավարությունը «ICPC աշխարհի եզրափակիչը» Հայաստանում հյուրընկալելու հայտ է ներկայացրել և դրա ընդունման դեպքում հանձնառու է կազմակերպելու այս հեղինակավոր միջոցառումը միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան: Այդ մասին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասել է «Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթ (ICPC)» հիմնադրամի նախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
Արայիկ Հարությունյանը նշել է, որ Երևանի պետական համալսարանը 2001 թվականից միացել է ծրագրավորման միջազգային օլիմպիադային և 2023 թվականին Եգիպտոսի Լուքսոր քաղաքում անցկացված «ICPC աշխարհի եզրափակչում» գրանցել է բացառիկ արդյունք, որն ամենաբարձրն է եղել Հայաստանի՝ մրցույթին մասնակցության պատմության մեջ:
Արայիկ Հարությունյանն ընդգծել է վերջին տարիներին մրցույթին՝ հայաստանյան նաև այլ համալսարանների մասնակցության կարևորությունը՝ որպես Հայաստանում մրցույթի տարածվածությանն ուղղված ջանքերի ցուցիչ:
Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ կառավարության և «ICPC» հիմնադրամի միջև համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ են կատարել ՀՀ կառավարության հայտի ընդունման դեպքում միջոցառման անցկացման կազմակերպչական հարցերին:
ICPC –ն ծրագրավորման համաշխարհային ուսանողական ամենամյա մրցույթ է։ Օլիմպիադայի ընթացքում խնդիրները հասնում են 12-ի, բոլորը գրված են անգլերենով: Տրվում է բավականին երկար մի պատմություն, որը պետք է դարձնել մաթեմատիկական խնդիր, հետո գտնել վերջինիս լուծման ալգորիթմը, այնուհետեւ դա վերածել համակարգչային ծրագրի: Մրցույթի արդյունքները ստուգվում են ավտոմատ համակարգով: