AM
18 July 2024 - 10:25 AMT

Ռուսական կողմը Հայաստանին տեղեկացրել է հայկական պտուղ-բանջարեղենի ներմուծման արգելքի մասին

Ռուսական կողմը ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին գրությամբ տեղեկացրել է, որ արգելում են հայկական պտուղ-բանջարեղենի ներմուծումը, և այդ ցանկում է նաև Green Farmer ՍՊԸ-ն։ Այդ մասին հայտնել են ընկերությունից, տեղեկացնում է Factor.am-ը։

Հրազդանում գործող լոլիկի մշակությամբ զբաղվող ընկերությունում զարմացած են ռուսական կողմի հայտարարությունից, թե իրենց արտադրանքում պեստիցիդների առկայությունը գերազանցում է թույլատրելի շեմը։ Ընկերությունում դժվարանում են ասել՝ առաջիկա օրերին կկարողանա՞ն լոլիկ արտահանել Ռուսաստան, թե՞ ոչ։ Առայժմ միայն հերքում են, որ իրենց արտադրանքում խախտումներ կան։

«Մենք խախտումներ չունենք, ամեն ինչ համապատասխանում է սահմանված նորմերին»,- պնդել են ընկերությունից։

Green Farmer-ում, սակայն, կարծում են, որ այս որոշումը, հնարավոր է, քաղաքական ենթատեքստ ունի։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից խոստացել են հարցերին ավելի ուշ պատասխանել։

Ըստ մամուլի հրապարակումների՝ ռուսական կողմը գրությամբ դիմել է հայկական կողմին՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է մի շարք ընկերությունների բուսական ծագման մթերքի արտահանման հնարավորությունը։

2023-ի աշնանն էլ «Ռոսսելխոզնադզոր»-ը մտահոգություն էր հայտնել Հայաստանից բուսական մթերքի մատակարարումների ժամանակ հաճախակի խախտումների կապակցությամբ։ «Ռոսսելխոզնադզոր»-ը բացահայտել էր Հայաստանից արտահանված ծաղկի և պտուղ-բանջարեղենի մեջ կարանտինային վնասատուների հայտնաբերման 72 դեպք։