AM
24 July 2024 - 13:29 AMT

ՀԱԷԿ-ում քննարկվել է նոր էներգաբլոկի կառուցմանը Ֆրանսիայի մասնակցության հնարավորությունը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են եղել նաև ֆրանսիական «Ֆրամատոմ» ընկերությունից Հայաստան ժամանած մասնագետները, այցելել են Հայկական ԱԷԿ: Արդեն իրականացվող կամ մոտ ապագայում նախատեսվող ծրագրերի շարքում հատկապես կարևորվել է Հայաստանում նոր էներգաբլոկ կառուցելու նպատակով տարբեր երկրների հետ իրականացվող փոխգործակցությանը նաև Ֆրանսիայի մասնակցության հնարավորությունը:

ՀԱԷԿ-ի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ֆրանսիական կողմի հետ այս կարևոր հարցում և ուսումնասիրել ռեակտորային տեխնոլոգիաների վերաբերյալ առաջարկները:

ՀԱԷԿ-ի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կողմերին հետաքրքրող կարևոր հարցեր, անդրադարձ է կատարվել ՀԱԷԿ-ի գործունեության այն ոլորտներին, որտեղ հնարավոր է հայ-ֆրանսիական համագործակցությունը, ինչպես նաև նշվել են այն աշխատանքներն ու նախագծերը, որոնք հաջողությամբ իրականացվել են ՀԱԷԿ-ում «Ֆրամատոմ» ընկերության հետ համատեղ՝ ֆրանսիական տեխնոլոգիաների կիրառմամբ:

Հանդիպման ավարտին կողմերը ներկայացրել են իրենց առաջարկություները և հույս հայտնեցին, որ առաջիկայում հնարավոր կլինի արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն սկսել դիտարկված ոլորտներում։

Մեծամորի ՀԱԷԿ–ի գործող` երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարացված ժամկետն ավարտվում է 2036թ–ին: «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը էր, որ Ռուսաստանը պատրաստ է իրականացնել նոր ատոմակայանի ցանկացած նախագիծ, որը կընտրի Հայաստանի իշխանությունը։ Արևմուտքն առաջարկում է մոդուլային կայան կառուցել։

Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը Սոչիում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ այս պահին Հայաստանին անհրաժեշտ է մինչև 1000 ՄՎտ հզորությամբ ռեակտոր։