AM
26 July 2024 - 08:12 AMT

ՌԴ հայկական պտուղ-բանջարեղենի ներմուծման սահմանափակումից հետո ՍԱՏՄ-ն 16 ընկերություն է ստուգում

Ռուսաստանի կողմից հայկական 16 ընկերության արտադրանքի ներմուծումը ժամանակավորապես սահմանափակելու որոշման հարցում ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, բայց այս պահի դրությամբ որևէ արդյունք չկա։ Այդ մասին ասել է ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը, հայտնում է Factor.am-ը։

Նա հայտնել է, որ ՍԱՏՄ-ն ստուգումներ է անցկացնում այն ընկերություններում, որոնց արտադրանքում ռուսական կողմից խախտումներ էին արձանագրվել։

«Արտադրանքում պեստիցիդների մասով ստուգումներ կարող ենք սկսել միայն բողոքի հիման վրա։ Ռուսաստանի նամակը մենք ընդունում ենք բողոք և դրա հիման վրա էլ այդ ընկերություններում սկսել ենք ստուգումներ»,- մանրամասնել է ՍԱՏՄ ներկայացուցիչը։

Հուլիսի 17-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր») նամակ է ստացել այն մասին, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրել է խախտումներ և կայացրել հուլիսի 15-ից ՌԴ տարածք հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակելու որոշում։

Ավելի վաղ լոլիկի մշակությամբ զբաղվող ընկերություններից մեկից Factor.am-ին տեղեկացրել էին, որ ռուսական կողմն իրենց ևս արգելել է բանջարեղեն արտահանել՝ պատճառաբանելով, թե արտադրանքում պեստիցիդների առկայությունը գերազանցում է թույլատրելի շեմը։ Ընկերությունից, սակայն, պնդել են, որ խախտումներ չունեն։