Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը, նոր փոփոխությունն ուժի մեջ է մտել հուլիսի 24-ից։ Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների կամ սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն այսուհետ Կադաստրի կոմիտե պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Այդ մասին հրավիրված ասուլիսում հայտնել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական Արմեն Ալեքսանյանը։
Նա նշել է, որ բավական դյուրին ընթացակարգ է սահմանվել, հայտնում է Արմենպրեսը։
Այսուհետ անշարժ գույքի առք ու վաճառքի, ժառանգության ձևակերպման կամ գրավադրման ու այլ գործարքների դեպքում քաղաքացին ստիպված չի լինելու նոտարից վերցրած փաստաթղթերը սկանավորել ու տանել Կադաստրի կոմիտե։
«Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և նոտարների կողմից տրամադրվող իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով կադաստր ներկայացնելու նպատակով քաղաքացին կստանա ծածկագիր։ Քաղաքացիներն այն ստանալու են SMS հաղորդագրության և էլեկտրոնային փոստի միջոցով։ Կոդը կարող է մուտքագրվել դիմումների ներկայացման բոլոր էլեկտրոնային հարթակներում, որից հետո ինքնաշխատ եղանակով փաստաթղթերը կցվում են»,-ասել է Ալեքսանյանը։
Գործընթացներն էլեկտրոնային տարբերակով կազմակերպելն, ըստ պատասխանատուների, կարևոր է և՛ քաղաքացիների համար, և՛ Կադաստրի կոմիտեի։
Ներդրված համակարգը փաստաթղթերը տրամադրող մարմիներին հնարավորություն է տալիս Կադաստրի կոմիտե ներկայացված փաստաթղթերը հեշտությամբ գտնել համակարգում առկա զտման գործիքների միջոցով։ Համակարգը կարող է ծառայել այդ մարմինների համար որպես էլեկտրոնային արխիվ։