AM
1 August 2024 - 06:55 AMT

ԵՆԲ-ի հետ գործակցությամբ Ակբա բանկը 55 մլն եվրո կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը

Ակբա բանկը Հայաստանի առևտրային բանկերի շարքում առաջինն է, որ ուղիղ գործակցություն է մեկնարկում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ՝ ԵՆԲ Գլոբալից (ԵՆԲ զարգացման մասնաճյուղ) ներգրավելով 55 մլն եվրո ֆինանսական միջոցներ։

Ներգրավված միջոցներն Ակբա բանկը կուղղի ՀՀ-ում մանր, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը։

Գործակցությունը հիմնված է ԵՆԲ Գլոբալի հանձնառության վրա՝ աջակցելու Հայաստանի տնտեսական զարգացմանը և խթանելու մասնավոր հատվածի աճը և աշխատատեղերի ստեղծումը: ԵՆԲ Գլոբալից ներգրավված միջոցներն Ակբա բանկի կողմից կուղղվեն տեղական մասնավոր հատվածին՝ խթանելով տնտեսական զարգացումն ու ներդրումները: Ակնկալվում է նաև, որ ավելի քան 200 ՓՄՁ-ներ, որոնց թվում հատուկ ուշադրության են արժանանալու կանանց կողմից ղեկավարվող բիզնեսները, կօգտվեն այս հնարավորությունից՝ ապահովելով նաև լրացուցիչ աշխատատեղեր:

«Ուրախ ենք Ակբա բանկի հետ գործընկերություն մեկնարկելու առիթով։ Մեր նպատակն է նպաստել ուժեղ և դիմացկուն տնտեսությունների կայացմանը, որոնք նաև աշխատատեղեր են ստեղծում։ Այս համագործակցությունը կնպաստի հայկական փոքր և միջին ձեռնարկությունների աճին և մրցունակության բարձրացմանը, այդ թվում՝ երկրի գյուղական շրջաններում, և կխթանի ձեռներեցությունը՝ համաձայն Եվրամիության և Հայաստանի առաջնահերթությունների»,- նշել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկան։

«Ակբա բանկն այս պահին Հայաստանի առևտրային բանկերի շրջանում առաջին ուղիղ և խոշոր համագործակցությունն է մեկնարկում Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ ներգրավելով 55 միլիոն եվրո։ Ակբան ամբողջ Հայաստանում մանր, փոքր, միջին և խոշոր ձեռնարկությունների առաջատար ֆինանսավորողներից մեկն է և այս միջոցների ներգրավումը մեզ թույլ կտա լրացուցիչ խթան հաղորդել ՄՓՄՁ-ների զարգացմանը։ Մեզ համար առաջնային նպատակ է ՄՓՄՁ-ների զարգացմանը նպաստելը, քանի որ վերջիններս համարվում են մեր երկրի տնտեսության շարժիչ ուժը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Մենք հաստատակամ ենք վստահեցնելու բանկերին, որ վարկի պայմանները՝ ԵՄ դրամաշնորհով ամրապնդված տեղական արժույթի արժևորմամբ, կլինեն շատ գրավիչ: ՀՆՀ դրամաշնորհի վերջնականացման հետ մեկտեղ, այս նախաձեռնությունը կլրացնի ԵՆԲ-ի սեփական ռիսկային գործողությունները՝ բարձրացնելով ֆինանսական մատչելիությունը և աջակցությունը տեղական բիզնեսներին»,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Յան Պլեշինգերը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։