AM
1 August 2024 - 09:58 AMT

ՀՀ-ում ատոմային նոր էներգաբլոկի կառուցման նպատակով ՓԲԸ կստեղծվի

Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով փակ բաժնետիրական ընկերություն կստեղծվի։ Գործադիրը որոշում է կայացրել։

Միջուկային նոր էներգաբլոկ կառուցելու ծրագիրն ավելի ինստիտուցիոնալ և համակարգային իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ առաջարկվում է ստեղծել կազմակերպություն՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից հրապարակված Milestones in the Development of a National Infrastructure for Nuclear Power. No. NG-G-3.1 ուղեցույցի համաձայն։

Վերոնշյալ կազմակերպությունը պետք է համեմատական ուսումնասիրություն անցկացնի բոլոր առաջարկվող տեխնոլոգիաների և տեխնիկատնտեսական հիմնավորումների միջև (առաջարկվող տեխնոլոգիաների փաստաթղթերը մեծածավալ են՝ մի քանի հազար էջ, և առնչվում են բազմաթիվ մասնագիտական ոլորտների հետ), որի հիման վրա կներկայացնի տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ իր մասնագիտական առաջարկը, ինչը պետք է լինի բազմակողմանի հիմնավորված փաստաթուղթ։

Վերջինս ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո կազմակերպությունը պետք է բանակցի և նախապատրաստի նոր միջուկային էներգաբլոկ/ների կառուցման, ֆինանսավորման, տիրապետման և շահագործման հետ կապված փաստաթղթերը:

Տեխնոլոգիայի ընտրության և կայանի կառուցման նախապատրաստական փուլում կազմակերպությանը մոտավոր գնահատմամբ անհրաժեշտ կլինի մոտ 800 միլիոն դրամ տարեկան բյուջե։ Հաշվի առնելով ԱԷՄԳ-ի ուղեցույցը՝ նմանատիպ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է տարբեր ոլորտների (էլեկտրաէներգետիկա, միջուկային ֆիզիկա, բնապահպանություն, կրթություն, քաղաքաշինություն և այլն) բարձր որակավորում ունեցող 50-60 մասնագետներով համալրված անձնակազմ:

Հաշվի առնելով աշխարհում միջուկային տեխնոլոգիաների զարգացման փուլը և աշխարհաքաղաքական զարգացումները՝ տվյալ կազմակերպության ստեղծումից և համապատասխան անձնակազմի համալրումից հետո 1․5-2 տարվա ընթացքում կկարողանա կառավարությանը տալ հիմնավորված առաջարկ տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ:

Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանվել է 200,000,000 դրամ, որը բաժանված է 20,000 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10,000 դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:

ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով Հայաստանի էներգետիկայի ոլորտի կայուն զարգացման գրավականներից է ատոմային էներգետիկայի խաղաղ նպատակներով զարգացումը:

Ռուսաստանյան «Ռոսատոմ սերվիս» ընկերությունն այժմ Մեծամորի ԱԷԿ-ի միակ գործող 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը ևս 10 տարով (մինչև 2036 թ․) երկարացնելուն ուղղված աշխատանքներ է իրականացնում։

Հուլիսի 3-ին «ՀՀ–Արևելյան գործընկերություն–ԵՄ. մարտահրավերներ և հնարավորություններ» համաժողովի ժամանակ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ նոր ատոմակայանի կառուցման հետ կապված` ԱՄՆ–ի հետ մտել են առարկայական փուլ, և որ ԱՄՆ–ի հետ քննարկվում է իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը։

Այս հայտարարությունից 1 շաբաթ անց` հուլիսի 10-ին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ-ն աջակցում է ատոմակայանի կառուցման ծրագրին, բայց իրագործման կոնկրետ ժամկետ չի կարող հայտնել։

Ընթերցեք նաև․ ԱՄՆ–ն ՀՀ–ում հետազոտություն է անում փոքր մոդուլային ատոմակայան կառուցելու հարցով