ArLeAM ընկերության ինտենսիվ այգիներում մեկնարկել է խնձորի բերքահավաքը։ Այգեկութն ազդարարել են այգիներ այցելած «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության աշխատակիցները։
Միջոցառումը մրցութային բնույթ ուներ․ ընկերության աշխատակիցները բաժանվել են 4 թիմի, որոնք այգում աճող խնձորների անվանական անուններն են կրել՝ «Ռոյալ Գալա», «Ռեդ Դելիշես», «Գոլդեն Դելիշես» և «Գրեննի Սմիթ»։ Հաղթող է ճանաչվել ամենաշատ բերք հավաքած թիմը՝ «Գրեննի Սմիթը», որը 350 կգ խնձոր է քաղել։
ArLeAM ընկերության տնօրեն Լևոն Խաչատրյանը նշել է, որ ինտենսիվ այգին տարեկան միջինում 1000 տոննա բերք է տալիս:
«Այգիներում կա խնձոր, ծիրան և տանձ: Ունենք 4 տեսակի խնձոր: Առաջինը «Գալան» է հասունանում: Այն աշնանային ամենաքաղցր և խրթխրթան խնձորների դասին է պատկանում: Հայկական շուկայում ամենապահանջված խնձորներից է: «Գալայից» հետո հասունանում են «Գոլդենն» ու «Ռեդ Դելիշեսը»: Վերջում հասունանում է «Գրեննի Սմիթը»: Այն ևս շատ պահանջված կանաչ խնձոր է, որը համարում են ֆրանսիական: Մեր բոլոր ծառերն ունեն իտալական արմատներ», – ասել է նա։
Ինտենսիվ այգիների խնամքը մեկնարկում է դեռ ձմռանը՝ ծառերի էտով, իսկ արդեն գարնանն սկսում են ջրել այգիները, գյուղատնտեսական բաժինը զբաղվում է ծառերի պատվաստումով, բուժմամբ, պարարտացմամբ, մոլախոտերի հեռացմամբ և այլ աշխատանքներով։ Այգեգործների ուշադրության տակ է գտնվում նույնիսկ ոռոգման ջրի որակը և չափաբաժինը, որը պետք է համապատասխանի կաթիլային համակարգով աճեցվող ծառերի չափանիշներին։
ArLeAM-ը նորարարական ապրանքանիշ է, որն առաջարկում է առանձնահատուկ հոգատարությամբ, առանց հավելանյութերի, ինքնուրույն աճեցված արտադրանք։