AM
9 September 2024 - 08:38 AMT

Էլեկտրամոբիլների ներմուծման արտոնությունը կգործի նաև 2025-ին

2025 թվականի համար էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար ևս սահմանված է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ 8000 տրանսպորտային միջոցի համար: 2025-ի քվոտայից օգտվելու համար անհրաժեշտ կլինի ՀՀ ներմուծված տրասնպորտային միջոցի համար մաքսային հայտարարագիրը կամ մաքսային մուտքի օրդերը ներկայացնել և գրանցել 01.01.2025 թվականից սկսած, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։

Մինչև 2024–ի դեկտեմբերի 31-ը 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ կարող է ձևակերպվել դեռևս 1115 հատ էլեկտրական շարժիչով մեքենա:

Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2024 թվականի համար սահմանվել է 7400 հատ տրանսպորտային միջոցի մասով: Սա նշանակում է, որ 7400-ը գերազանցող յուրաքանչյուր հաջորդ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցի ձևակերպման համար ԵՏՄ ընդհանուր կանոններով սահմանված կարգով 2024 թվականին կկիրառվի 15% ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ։

2024թ. հունվար-օգոստոս ամիսներին և սեպտեմբեր ամսվա 1-8-ն ընկած ժամանակահատվածում, արդեն իսկ, ձևակերպվել է 6285 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց։

Օրենսդրության համաձայն` տվյալ սակագնային քվոտայից հնարավոր չի լինի օգտվել դեռևս ՀՀ չներմուծված տրասնպորտային միջոցի համար նախնական մաքսային հայտարարագրի ներկայացման դեպքում, քանի որ արտոնության կիրառման նպատակներով նախնական մաքսային հայտարարագրման դեպքում, ապրանքի հայտարարագրի գրանցում է համարվելու oրենսդրությամբ նախատեսված տեղեկությունների ներկայացման արդյունքում մաքսային մարմինների կողմից նախնական մաքսային հայտարարագրում ճշգրտումների գրանցումը: Ճշգրտման գրանցումը հնարավոր կլինի իրականացնել միայն տվյալ տրանսպորտային միջոցի Հայաստանի Հանրապետություն փաստացի ներմուծման դեպքում և արդյունքում սակագնային արտոնության կիրառումը կախված կլինի տվյալ օրվա դրությամբ 0 տոկոս մաքսատուրքի արտոնության կիրառման համար սահմանված 7400 հատ տրանսպորտային միջոցների քանակի լրացված չլինելու հանգամանքից։

ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ մինչև 01.01.2026 թ. շարունակելու է գործել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման ԱԱՀ-ից ազատման արտոնությունը, որի գծով քանակային սահմանափակում առկա չէ: