AM
9 September 2024 - 10:23 AMT

Ամերիկյան ընկերությունը հետազոտություններ է անցկացնում ՀՀ-ում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման գործընթացի շրջանակում

Հայաստանում միջուկային էներգիայի արտադրության ժամանակակից աղբյուրի կառուցմանը միտված ուսումնասիրություններն արդեն սկսվել են։ Աշխատանքները, որոնց արդյունքների ամփոփման առավելագույն ժամկետը 2025 թվականի գարունն է, հայ գործընկերների հետ համագործակցությամբ իրականացնում են ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկի մասնագետները։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը հայտնել է, որ Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի/ների կառուցման գործընթացի շրջանակներում այս փուլում իրականացվում են տեխնիկատնտեսական հետազոտություններ, գրում է Արմենպրեսը։

«Այդ աշխատանքն ԱՄՆ-ի կառավարության պատվերով և հայկական կողմի հետ համագործակցությամբ իրականացնում է ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկը։ Նպատակն է պարզել, թե ամերիկյան արտադրողների առաջարկած փոքր մոդուլային կայաններից որն է տեխնոլոգիապես առավելագույնս համապատասխանում Հայաստանի կարիքների բավարարմանը։ Ուսումնասիրությունները նախատեսվում է ավարտել ամենաուշը 2025 թվականի գարնանը»,- նշել է Վարդանյանը։

Նախարարի տեղակալը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Հայաստանը դիմել է ԱՄՆ-ին՝ «123 պայմանագրին» միանալու և ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներին հասանելիություն ստանալու համար։

«Հայկական կողմի դիմումն ուսումնասիրվում է ԱՄՆ-ի ներպետական ընթացակարգերին համապատասխան։ Այդ մասին բազմիցս հայտնել են ԱՄՆ-ի տարբեր պաշտոնյաներ՝ նշելով, որ դա բավականին ժամանակատար գործընթաց է»,- եզրափակել է Վարդանյանը։

Մեծամորի ՀԱԷԿ–ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետն ավարտվում է 2036թ: ԱՄՆ–ն Հայաստանին առաջարկել է փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագիծը։ Հայաստանը ԱԷԿ-ի կառուցման առաջարկների է սպասում մի քանի երկրից, և դեռ որոշված չէ` այն պետք է ստացիոնար լինի, թե մոդուլային:

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի բաժնի տնօրեն Կիրիլ Կոմարովը Սոչիի «ԱՏՈՄԷՔՍՊՈ-2024» միջազգային համաժողովում հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է իրականացնել նոր ատոմակայանի ցանկացած նախագիծ, որը կընտրի Հայաստանի իշխանությունը։