Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել են Վեդիի ջրամբար, որը կառուցվում է ֆրանսիական Զարգացման գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
Նախարարները ծանոթացել են ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին։ Ընդգծվել է ՀՀ դիմակայունության ամրապնդման համատեքստում ծրագրի ռազմավարական նշանակությունը:
Միրզոյանը նշել է. «Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությունն ակտիվորեն զարգանում է բոլոր ուղղություններով, այստեղ մենք ականատեսն ենք դրա մեկ՝ շատ կոնկրետ, շոշափելի արդյունքի։»
Շրջայցի ժամանակ անդրադարձ է կատարվել ծրագրի՝ համայնքում տնտեսական զարգացման, լրացուցիչ ջրային ռեսուրսների ներգրավման ու ջրի կառավարման արդյունավետության բարձրացման, ոռոգելի հողատարածքների ջրամատակարարման բարելավման, ինչպես նաև շրջակա միջավայրի, զբոսաշրջության վրա զգալի դրական ազդեցությանը։
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պաշտոնական Փարիզը շարունակելու է պաշտպանության բնագավառում Երևանի հետ գործակցությունը։
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակության այցը սեպտեմբերի 15-ին մեկնարկել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցով։ Սեժուրնեն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Սեժուրնեն եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում։