AM
18 September 2024 - 13:01 AMT

Ռուս հաքերները հայտարարել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին

Ռուսական հաքերային խմբերից մեկը հայտարարում է, թե կարողացել է սողոսկել ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազա՝ FTP-ի նիշքերի փոխանցման հաղորդակարգի միջոցով, հայտնում է «Ազատությունը»։

«Մեր տրամադրության տակ է տվյալների բազան», – հայտարարել են հաքերները՝ սպառնալով, որ եթե առաջիկա 48 ժամվա ընթացքում կառավարությունը 2․5 միլիոն դոլար չփոխանցի, տվյալները կոչնչացվեն։

Հայաստանի կառավարությունից առայժմ չեն արձագանքել։

Ամիսներ առաջ՝ հունիսին, «Народная CyberАрмия» հաքերային խումբը հարձակման էր ենթարկել Հայաստանի նախագահի, վարչապետի և իրավապահ մարմինների մի շարք կայքեր։ Դրանք մի կարճ ժամանակահատված կա՛մ ընդհանրապես հասանելի չէին, կա՛մ ծանր էին աշխատում: Դեռ այն ժամանակ «Ազատության» հետ զրույցում թվային անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը նշել էր՝«եթե դա հաջողվում է թեկուզ 5 րոպեով, և եթե դա ինչ-որ պատահական հաքերային ակտիվիստներ են և կարողանում են մի ամբողջ պետության ենթակառուցված անհասանելի դարձնել, դա կարելի է համարել պետական ենթակառուցվածքների թուլության ապացույց»: