AM
23 September 2024 - 10:19 AMT

ՊԵԿ-ի կոչը ՀՀ ժամանողներին՝ ՀՀ բերել միայն իրենց պատկանող նոր iPhone 16-եր

Պետական եկամուտների կոմիտեն Հայաստան ժամանող քաղաքացիներին հորդորում է Հայաստան տեղափոխելմիայն իրենց կողմից ձեռքբերված և իրենց պատկանող նոր iPhone 16 սմարթֆոններ։

«Անհրաժեշտ է հրաժարվել այլ երկրների օդանավակայաններում բջջային հեռախոս տեղափոխելու առաջարկ անող քաղաքացիների խնդրանքներից, քանի որ վերջիններս և (կամ) իրենց Հայաստանի Հանրապետությունում բնակվող ծանոթներն իրականացնում են քողարկված ձեռնարկատիրական գործունեություն, որում աննուղակի եղանակով կարող են ներգրավել նաև Ձեզ։

Փորձը ցույց է տալիս, որ հանգստի մեկնած քաղաքացիները, որոշ դեպքերում չկարողանալով մերժել այլ երկրների օդանավակայաններում իրենց մոտեցող հայրենակիցների խնդրանքները, իրենց հետ Հայաստանի Հանրապետություն են ներմուծում բջջային հեռախոսներ, այնուհետև փոխանցում իրենց անծանոթ այլ անձանց»,–ասվում է հայտարարության մեջ։

Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ մաքսային ծառայությունը, նշված հանգամանքով պայմանավորված, իրականացնելու է ուժեղացված մաքսային հսկողություն՝ զարտուղի ճանապարհներով առևտրային նշանակության բջջային հեռախոսների Հայաստանի Հանրապետություն տեղափոխումը կանխարգելելու նպատակով։