Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը և ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը քննարկել են մայրաքաղաքի փոքր կենտրոնի էներգամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը։
Դրա համար «ՀԷՑ» ՓԲԸ-ն նախատեսում է ներդնել մոտ 6․7 միլիարդ ՀՀ դրամ։ Ծրագիրը կիրականացվի 2-3 տարվա ընթացքում։
Քաղաքապետին է ներկայացվել մայրաքաղաքի փոքր կենտրոնի 31 փողոցներում (145,000 սպառող) գոյություն ունեցող էլեկտրամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը, որի նպատակը նշված հատվածում էներգախափանումները բացառող նոր համակարգ ստեղծելն է։
Ըստ այդմ, պետք է ստեղծվի ցանց՝ ապահովված երկկողմանի սնուցման աղբյուրներով։ Նախաձեռնությունը ենթադրում է համակարգային բարեփոխումներ գործող համակարգում՝ ներառյալ նոր բաշխիչ ցանցերի և ենթակայանների տեղակայումը։
Մասնավորապես, բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում դեռևս ԽՍՀՄ տարիներից գոյություն ունեցող թվով 23 տրանսֆորմատորային ենթակայաններն անվտանգության նկատառումներից ելնելով դուրս կբերվեն և տեղ կգտնեն այդ նպատակով կառուցվելիք առանձին շենքային պայմաններում։ Եվս 31 ենթակայաններ կարդիականացվեն և կհամապատասխանեցվեն ժամանակակից պահանջներին։
Վերջին շրջանում հաճախակի են դարձել հոսանքազրկումները ինչպես փոքր կենտրոնում, այնպես էլ քաղաքի մյուս մասերում, ինչը բացատրում են ենթակառուցվածքների մաշվածությամբ։






