AM
26 September 2024 - 09:55 AMT

Նախարար․ 2025–ին կանխատեսվում է 5․6% տնտեսական աճ

Կառավարությունը հավանություն տվեց 2025 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի, որով համախառն ներքին արդյունքը կանխատեսվել է 11 տրիլիոն 50 միլիարդ դրամ։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով նախագիծը։

Նա նաև ասել է, որ 2025–ի համար կանխատեսվում է 5․6 տոկոս տնտեսական աճ։

«ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 3․5 տոկոս, միջին գնաճը՝ 3․5 տոկոս։ Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 2 տրլն 873 մլրդ դրամ, որոնցից հարկային եկամուտները` 2 տրլն 760 մլրդ դրամ»,-ասել է Հովհաննիսյանը։

Կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ–ում կհասնի 6.6 տոկոսի, պակասուրդը՝ 609 մլրդ դրամ։ Կառավարության պարտք–ՀՆԱ ցուցանիշը 2025–ի վերջում կկազմի 53.5 տոկոս։

«Կապիտալ ծախսերը նախատեսվում են պատմական մակարդակներից զգալիորեն բարձր մակարդակում` տնտեսական և անվտանգային ենթակառուցվածքների ամրապնդման համար»,– ասել է նախարարը։

Նա տեղեկացրել է, որ 2025–27 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով սահմանվում են մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակները։ Այս նորամուծությամբ Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի 2 տարվա միջնաժամկետ վերանայված ծախսային շրջանակը։