Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ ՀՀ–ում ցորենի արտադրությունը տնտեսապես շահավետ չէ։ Նա նշել է, որ մեկ հեկտար ջրովի տարածքից ստացվում է 400,000 դրամի ցորեն, այն դեպքում, երբ ծախսվում է 420,000 դրամ։
«Հայաստանում ցորենի արտադրությունն տնտեսապես ձեռք չտվող գործընթաց է»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Նա հայտարարել է, թե Հայաստանում պետք է ինտենսիվ այգեգործությունը զարգացնել, որն ավելի ձեռնտու է և առաջացած գումարով ներմուծել այն, ինչը չի արտադրվում հանրապետությունում։
«Ես շատ կքննադատեմ այն տնտեսական քաղաքականություն մշակողին, որը ՀՀ-ի սահմանափակ հողային ռեսուրսը ինտենսիվ այգեգործության փոխարեն կօգտագործի ցորենի մշակման մեջ»,-ասել է նախարարը։
Պապոյանը նաև հայտարարել է, որ Վերին Լարսի փակման դեպքում Ռուսաստանից 90% ցորենի ներկրման խնդիրը կլուծի կառավարությունը և նախարարությունը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսքն ուղղելով Հայաստանի ԱԽ քարտուղարին, որը վերջերս առցանց ձևաչափով մասնակցել է պարենային անվտանգության թեմատիկ համաժողովին՝ «Ուկրաինական խաղաղության բանաձևի» համատեքստում, հիշեցրել էր, որ հացահատիկի 90 տոկոսը Հայաստան է գալիս Ռուսաստանից։