Հայաստանում բացվել է ամենախոշոր իրանական առևտրի կենտրոնն ամբողջ աշխարհում։ Կենտրոնի կարմիր ժապավենը կտրել են Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Մեհդի Սոբհանին վստահություն է հայտնել, որ այս առևտրի կենտրոնը ևս մեկ անգամ վկայում է Իրանի և Հայաստանի միջև խորը բարեկամական հարաբերությունների մասին։
«Լիահույս եմ, որ իրանական առևտրի կենտրոնի շնորհիվ մեծ թափ կհաղորդվի 2 երկրների տնտեսական և առևտրային հարաբերություններին։ Առևտրային, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ ոլորտում 2 երկրների միջև հարաբերությունները շատ լուրջ կապիտալ կստեղծեն 2 երկրների ժողովուրդների համար»,–ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։
Դեսպանը հիշեցրել է, որ Իրանի և ՀՀ-ի միջև առևտրաշրջանառության ծավալը թռիչքային աճ է գրանցել ու վստահեցրել, որ իրանական կողմը վճռական է օգտվելու երկու երկրների միջև առկա բոլոր հնարավորություններից ու պոտենցիալից` ցանկացած ոլորտում։
Իրանի առևտրի կենտրոնը գտնվում է «Առինջ մոլի» տարածքում։ Կենտրոնի համահիմնադիրներն են Նվեր Ծառուկյանը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին, իսկ իրանական կողմից՝ գործարար Արման Օլամայան, հայտնում է «Ազատությունը»։
Իրանական առևտրի կենտրոնը նախագծվել և մշակվել է Երևանում, այն զբաղեցնում է ավելի քանի 18 հազար քառակուսի մետր տարածք: Կենտրոնի 10 հազար քառակուսի մետր տարածքը ներառում է տարբեր չափերի 107 ցուցահանդեսային տաղավարներ։ Առևտրի կենտրոնում կա նաև կոնֆերանսների սենյակ՝ բիզնես (B2B) հանդիպումների համար և բաց տարածք միջոցառումների, փառատոնների, ինչպես նաև կոնֆերանսների անցկացման համար:
Կենտրոնում ներկայացված են իրանական շուկայի խոշորագույն արտադրողները նավթի, գազի ոլորտում, նավթաքիմիկատներ արտադրող ընկերություններ, ինչպես նաև կենցաղային տեխնիկայի, շինարարական նյութերի, ծխախոտի, թղթե արտադրությամբ զբաղվող ընկերություններ: