Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է հայազգի գործարար և բարերար, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանին։ Փոխվարչապետը բարձր է գնահատել Նուբար Աֆեյանի աջակցությամբ Հայաստանում տարիներ շարունակ իրականացվող նախաձեռնությունները՝ կարևորելով դրանց՝ համակարգային փոփոխությունների բերող նշանակությունը։
Աֆեյանը տեղեկացրել է «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (AIFA) հիմնադրամի ստեղծման մասին՝ պատրաստակամաություն հայտնելով դրա շրջանակներում համագործակցել կառավարության հետ Հայաստանի զարգացման կարիքներին ուղղված նոր ծրագրեր իրականացնելու գործում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ընթացիկ և նոր ուղղությունների, այդ թվում՝ տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների վերաբերյալ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Աֆեյանը Երևանում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարակից այգում, մասնակցել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակի բացմանը։ Այն նախաձեռնել և իրագործել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը: