Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:
Պատասխանատուները ներկայացրել են առկա իրավիճակը, խնդիրների լուծման շուրջ հնարավոր քայլերն ու լուծումները:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է բաժանորդներին որակյալ էլեկտրաէներգիայի մատակարարման ուղղությամբ խնդիրների լուծումը, պատկան գերատեսչությունների կողմից այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը, այդ թվում՝ ոլորտի արդյունավետ կառավարման նպատակով: Վարչապետը պատասխանատուներին տվել է հստակ հանձնարարականներ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է նոր կարգավորումներ էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների վերաբերյալ։ Համաձայն նոր կարգավորումների՝ սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման և դրա վերականգնման Էլեկտրամատակարարման բաշխման ցանցային կանոններով սահմանված ժամկետներից յուրաքանչյուրի խախտումը մեկ օրացուցային տարվա ընթացքում կրկնելու դեպքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կվճարի տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10,000 դրամը: