Financial Times-ը,անդրադառնալով երրորդ տարին անընդմեջ կլիմայական համաժողովն ավտորիտար պետությունում անցկացնելուն, գրել է, որ Ադրբեջանը, որտեղ 2003–ին նախագահի պաշտոնում հորը հաջորդել է ավտոկրատ Իլհամ Ալիևը, կարծես, հույս ունի, որ COP29 համաժողովի կազմակերպումը կարող է մաքրել իր հեղինակությունը: Այդ մասին ասվում է պարբերականի հոդվածում։
«Այս տարվա COP-ը տեղի է ունենում ընդամենը 14 ամիս այն բանից հետո, երբ Ադրբեջանը որոշեց ուժով լուծել երեք տասնամյակ տևած տարածքային վեճը հարևան Հայաստանի հետ: Ադրբեջանական զորքերը կայծակնային հարվածով գրավեցին Լեռնային Ղարաբաղը՝ իր սահմաններում գտնվող հայաբնակ անկլավը։ Ռուս խաղաղապահները հիմնականում հայացքը թեքեցին։ Շրջանի ամբողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար մարդ, վտարվեց։ Առնվազն 23 հայ քաղբանտարկյալ դեռևս գտնվում է Ադրբեջանում»,- ասվում է հրապարակման մեջ, գրում է Factor.am-ը։
Նշվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի զիջումների է գնացել Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու համար՝ գործարքը ապահովելու հույսով, մասնավորապես, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը։
Նշվում է նաև, որ Ադրբեջանը COP29-ն անցկացնելու պատվին արժանացավ միայն այն բանից հետո, երբ Հայաստանը վերացրեց վետոն 32 հայ ռազմագերիների ազատ արձակման դիմաց: Սակայն Երևանը Բաքվին մեղադրում է հիմնականում համաձայնեցված խաղաղ համաձայնագրի ստորագրումը բազմիցս ձգձգելու մեջ:
«Մտահոգիչն այն է, որ օգոստոսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու այցելությունից հետո Մոսկվան ազդարարել է Բաքվի հավակնություններին աջակցելու մասին՝ ստեղծելու ցամաքային միջանցք, որը կապում է Ադրբեջանն իր էքսկլավի՝ Նախիջևանի հետ, որը սահմանակից է Թուրքիային: Սա կանցնի հարավային Հայաստանի տարածքով և, փաստորեն, կփակի Իրանի հետ սահմանը, որը մատակարարման հիմնական ուղին է: Երևանում շատերը վախենում են, որ Ալիևը չի հրաժարվել ռազմական հավակնություններից բուն Հայաստանի նկատմամբ, որը նա անվանում է «Արևմտյան Ադրբեջան»: Բաքվի պաշտոնյաները հերքում են նման մտադրությունները»,- ընդգծում է լրատվամիջոցը։
Նշվում է, որ Ալիևը, որը փետրվարին տարել է հինգերորդ հաղթանակը ընտրություններում, կարծես, անհանգստացած է: Իրավապաշտպան խմբերն անցյալ շաբաթ կոչ են արել ճնշում գործադրել Բաքվի վրա՝ դադարեցնելու քննադատների, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումը, որն իրականացվում է COP-ից առաջ: Տեղի իրավապաշտպանների գնահատմամբ՝ երկրում կա մոտ 300 քաղբանտարկյալ։ Human Rights Watch-ը նաև մատնանշել է «զգալի թերություններ և անորոշություններ» Ադրբեջանի՝ ընդունող երկրի համաձայնագրի արտահոսքի պատճենում։
Լրատվամիջոցն ընդգծում է, որ Ադրբեջանը, որը խոստանում է «COP-ի խաղաղություն», պետք է համապատասխանի այդ ոգուն՝ նախքան դրա մեկնարկը խաղաղության պայմանագիր ստորագրելով Հայաստանի հետ:
«Միջազգային կառավարությունները և մասնակիցները պետք է օգտվեն հնարավորությունից՝ ճնշում գործադրելու ընդունող երկրի վրա նրա դեմոկրատական վարքագծի հետ կապված։ Նրանք և ՄԱԿ-ի կլիմայի թևը պետք է ապահովեն, որ իրավունքները հարգվեն համաժողովի ընթացքում»,- ասվում է FT-ի հոդվածում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։