AM
17 October 2024 - 08:58 AMT

Ուկրաինան կոչ է արել բոյկոտել COP29–ը․ Բաքվի և Կիևի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում

Բաքվի և Կիևի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում։ ԵՄ–ում Ուկրաինայի դեսպան Վսեվոլորդ Չենցովը Politico–ին տված հարցազրույցում կոչ է արել միջազգային հանրությանը բոյկոտել Բաքվում կայանալիք COP29–ը, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցի դրան։

Նա նշել է, որ «Ադրբեջանի կախվածությունը ԵՄ–ից հնարավորություն է տալիս Բրյուսելին ազդել Բաքվի վրա», գրում է Minval.az-ը։

«Նրանք ուզում են զարգացնել հարաբերությունները ԵՄ հետ, ուստի պետք է շատ զգույշ լինեն այդ հարցում»,–ասել է ուկրաինացի դեսպանը։

Բաքվում կարծում են, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է արձագանքեն և պարզաբանեն իրավիճակը։

COP 29-ի նախաշեմին ԵԽ պատգամավորները կոչ են արել կասեցնել ԵՄ և Բաքվի միջև գազային գործարքը, դատապարտել այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում: Այն նաև կոչ է պարունակում Եվրախորհրդարանին՝ լիագումար նիստում ընդունել բանաձև՝ խստորեն դատապարտելով այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում։