Կրիպտոակտիվի հետ կապված գործարքներն անկանխիկ եղանակով իրականացնելու կարգավորումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։ Այդ մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Նա նշել է, որ կառավարությունում կարծում են, որ դա բավարար ժամանակահատված է նաև կրիպտոակտիվների շրջանառության հետ կապված հարաբերությունները հարկային առումով կարգավորելու և այդ օրենսդրական նախաձեռնությունն ընդունելու համար, հայտնում է Արմենպրեսը։
«Նախագծով նախատեսել էինք, որ կրիպտոակտիվի հետ կապված գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով։ Հաշվի առնելով տնտեսավարողների հետ մեր ունեցած քննարկումները և այն, որ Կենտրոնական բանկի կողմից կա շրջանառվող օրենսդրական նախաձեռնություն, դաշտում կրիտիկական իրավիճակ չառաջացնելու տրամաբանության մեջ կառավարությունն առաջարկում է այս կարգավորումն ուժի մեջ մտցնել 2026 թվականի հունվարի 1-ից։»,- ասել է Սարգսյանը։