AM
12 June 2002 - 18:05 AMT

ԹՈՒՐՔԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀԱԿԱԴՐԵԼ «ԱՐԱՐԱՏ» ԿԻՆՈՆԿԱՐԻՆ 1915 ԹՎԱԿԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԵՆՑ ՎԱՐԿԱԾԸ

Թուրքիայում շարունակվում են «Սառե Գելին»` հայկական հարցի իմաստը» ֆիլմի նկարահանումները, որը պաշտոնական Անկարան մտադիր է հակադրել վերջերս Կաննի փառատոնում ցուցադրված «Արարատ» գեղարվեստական կինոնկարին, որը նկարահանել է կանադացի ռեժիսոր Ատոմ Էգոյանը: «Միլլիեթ» թուրքական թերթի տվյալներով, կինոնկարը կմոնտաժվի հինգ լեզվով: Նկարահանումների նախապատրաստական ժամանակահատվածը շարունակվել է երկու տարի, իսկ նկարահանումները սկսվել են երեք ամիս առաջ: Ֆիլմի նկարահանումները արդեն կատարվել են ԱՄՆ-ում, Իտալիայում, Ֆրանսիայում, Վրաստանում, Ադրբեջանում, ինչպես նաեւ Հայաստանում: Ենթադրվում է, որ նկարահանումները կընթանան եւս հինգ երկրներում: Ինչպես գրում է «Միլլիեթը», ֆիլմում կհնչեն նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի հեղինակներ` ֆրանսիացի օրենսդիրների, ինչպես նաեւ Ֆրանսիայի հայկական ռադիոյի ղեկավար Հենրի Փափազյանի կարծիքները: Ֆիլմում տեղ կգտնի նաեւ ապրիլի 24-ին Երեւանում նկարահանված տեսանյութը, որտեղ կհնչեն նաեւ Հայաստանի քաղաքական գործիչների եւ քաղաքացիների կարծիքները: Նույն աղբյուրի համաձայն, որին վկայակոչում է «Արմինֆո» գործակալությունը, Ամերիկա-թուրքական հանձնախմբի ղեկավարությունը, ի պատասխան առաջիկայում Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի բացմանը, առաջարկել է Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերին Ամերիկայի մայրաքաղաքում բացել թանգարան` նվիրված թուրքերի «ազատագրական պայքարին» առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: