AM
28 October 2024 - 10:27 AMT

Փաշինյան․ Պետությունը հաց վաստակելու գործիք է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասել է, որ պետությունը միայն ու միայն սեփական քաղաքացիների համընդհանուր բարեկեցությունը ապահովելու գործիք է կամ ժողովրդի լեզվով ասած՝ հաց վաստակելու գործիք։

Փաշինյանն անդրադարձել է պետական բյուջեի եկամուտների ձևավորման սկզբունքներին և այդ համատեքստում խոսել հարկատեսակների առանձնահատկությունների ու դրանց փոխկապակցվածության մասին։

«Ի՞նչ է ՀՀ պետական բյուջեն: ՀՀ պետական բյուջեն մեր բոլորիս, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է:

Այսպես պետք է ընկալի պետությունն ինքն իրեն և այսպես պետք է ընկալեն քաղաքացիներն իրենց պետությունը, որովհետեւ եթե պետության պետական և ժողովրդական ընկալումը սա չէ, այդ պետության գոյության հեռանկարը կասկածի տակ է»,- ասել է նա։

Վարչապետի գնահատմամբ ՀՀ պետական բյուջեն բացառապես աշխատանքի արդյունք է, այսինքն` չկա պետական բյուջեի ձեւավորման ուրիշ գործիք, քան Հայաստանում աշխատող քաղաքացիները կամ բնակիչները:

Նա հավելել է, որ ՀՀ պետական բյուջեն իրական Հայասատանն է, այսինքն` այն Հայաստանը, որը գոյություն ունի դե յուրե և դե ֆակտո միաժամանակ, և այդ գոյության դե յուրե և դե ֆակտո հատվածներն անքակտելի են, ու պետական բյուջեն այն իրականությունն է, որը մենք ստեղծել ենք կամ պետք է ստեղծենք մեր աշխատանքի արդյունքում։

Ըստ Փաշինյանի, կառավարության ու Ազգային ժողովի և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների օրենքների և կարգավորումների առանցքային խնդիրներից մեկը պետք է լինի ՀՀ ավելի ու ավելի շատ քաղաքացիների համար օրինական աշխատանքով ու գործունեությամբ հարստանալու հնարավորություններ ստեղծելը:

«Շատ կցանկանայի, որ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումներն ընթանան ոչ միայն թվերի ու տոկոսների, այլև վերը թվարկած հայեցակարգերի քաղաքական քննարկումների ներքո: Մենք բոլորս պետք է պատասխանենք մի կոնկրետ հարցի` իսկ ի՞նչ օրենքներ, որոշումներ պետք է ընդունենք և (կամ) չեղարկենք, ի՞նչ ընթացակարգեր պետք է սահմանենք և (կամ) չեղարկենք, որ Հայաստատնի Հանրապետությունում ավելի շատ մարդիկ օրինական աշխատանքով և գործունեությամբ հարստանալու հնարավորություն ունենան: Այս հարցերի ճիշտ պատասխանները նշանակում են, որ մենք կապահովենք մեր պետության, այսինքն` մեր ինքնության զարգացումները և հարատեւությունը»,- ասել է նա։