AM
31 October 2024 - 15:04 AMT

Պապոյան. Ամուլսարի հետ կապված ֆինանսավորման պրոցեսների մեջ ենք

էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության շենքի դիմաց լրագրողներին հետ զրույցում ասել է, որ Ամուլսարի հետ կապված ֆինանսավորման պրոցեսներ են ընթանում։

«Ամուլսարի հետ կապված հիմա գործընթաց կա, մասնավորապես, ներդրողների ֆինանսավորման հետ կապված պրոցեսների մեջ ենք»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նրա խոսքով Ֆինանսավորման մի մասն արդեն իսկ պատրաստ է, իսկ մյուս մասի հետ կապված դեռ գործընթաց կա։ Նա հույս է հայտնել, որ 2025–ին նվազագույնը գոնե մեկ եռամսյակ արդյունահանում կլինի։

«Որոշակի պրոցես կա վարկավորման, դա, հուսով ենք, որ կավարտենք այս տարվա ընթացքում, և ես շատ մեծ հույս ունեմ, որ նվազագույնը գոնե մեկ եռամսյակ եկող տարի արդյունահանում կունենանք, եթե հաջողվի երկու եռամսյակ ունենալ՝ շատ ավելի լավ, և ավելի լավ տնտեսական արդյունք կունենանք, քան այն, ինչ որ նախանշել ենք հաջորդ տարվա համար»,-հայտարարեց Էկոնոմիկայի նախարարը:

Պատասխանելով հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի նվիրատվության մասին հարցին՝ Պապոյանն ասել է, որ բոլոր հարցերը կլուծվեն մեկ փաթեթով։

«Բոլորը իրար հետ փոխկապակցված գործընթաց է, այսինքն՝ մենք ինքներս պայմանավորվել ենք, որ բոլոր հարցերը կլուծենք, այդ թվում և այդ հարցը, մեկ փաթեթով: Այդտեղ առանձնահատուկ բան չկա»,–ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը վերսկսելու մասին համաձայնագրի արդյունքում Հայաստանի կառավարությունը կստանա «Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի մի մասը՝ 12․5 տոկոսը։

Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիսարևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում, 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային Lydian international ընկերության դուստր ձեռնարկությունն է:

Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ Լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են: