AM
4 November 2024 - 13:59 AMT

Պապոյան․ Մարզերում նախատեսվում է զբոսաշրջային 10 կլաստեր ստեղծել

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետբյուջեի մասին օրենքի նախագծի նախագծի քննարկման ժամանակ, անդրադառնալով զբոսաշրջության ռազմավարությանը, ասել է, որ Մարզերում նախատեսվում է զբոսաշրջային 10 կլաստեր ստեղծել։

Նա ասել է, որ Հայաստանը Համաշխարհային բանկի հետ հնգամյա վարկային պայմանավորվածության շրջանակում նախատեսում է 100 միլիոն դոլար վարկային միջոցներ վերցնել և դրանք ՀՀ մարզերում տարածել 10 զբոսաշրջային կլաստերների վրա՝ սկսած Գորիսից մինչև Ջերմուկ, Ապարանից Գյումրի և Դիլիջան:

Նա հավելել է, սակայն, որ ռազմավարությունը դեռևս հաստատված չէ, հայտնում է 1lurer.am–ը։

«Այսինքն՝ այս ամբողջ գումարները ծախսվելու են մարզերում, և ստեղծվելու են զբոսաշրջային կոնկրետ համակարգեր»,- ասել է նա։

Նախարարը բերել է Մարմաշեն վանական համալիրի օրինակը, նկատել, որ մի քանի տարի առաջ այնտեղ հնարավոր չէր հասնել մեքենայով: Ներկայումս ասֆալտապատված է վանական համալիր տանող ճանապարհը, դրա շրջակայքում ստեղծվել է ճեմուղի, առանձնացված վայրեր են ստեղծվել մանր բիզնեսի համար:

«Մենք փորձում ենք մեր պատմամշակութային ժառանգությունը համեմել բնության ժառանգության հետ, դա էլ՝ լավ ժամանակ անցկացնելու միջավայրի հետ: Սա է լինելու մեր ռազմավարության առանցքը, և հիմա ռազմավարությունը հարմարեցնում ենք այդ տրամաբանությանը»,- ասել է էկոնոմիկայի նախարարը: