AM
4 November 2024 - 14:27 AMT

Բադասյան․ Հայաստանում հարկային «տեռոր» չկա

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ, անդրադառնալով այն դիտարկմանը, թե ՀՀ-ում առկա են հարկային «տեռորի» դրսևորումներ հայտարարել է, որ Հայաստանում հարկային «տեռոր» չկա։

«Հայաստանում հարկային «տեռոր» չկա: Ընդհակառակը, մեր վարչարարությունը միտված է լավ պայմաններ ապահովել հարկ վճարողների համար: Մենք շատ գործընկերային ենք աշխատում Հայաստանի բոլոր հարկ վճարողների հետ»,–ասել է նա, հայտնում է Ազգային ժողովոի մամուլի ծառայությունը։

ՊԵԿ նախագահը նշել է, որ հազարավոր հարկ վճարողների համար մաքսային ընթացակարգերը պարզեցվել են, զգալիորեն նվազեցնում է մաքսազերծման ժամանակը։

Բադասյանը հայտնել է, որ 2024 թ. 9 ամիսների տվյալներով ՀՀ–ում հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 1 տրլ 767 մլն դրամ, որը 112.7 մլրդ դրամով կամ 6.8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

ՊԵԿ-ի ընթացիկ ծախսերը 2025 թվականի բյուջեի նախագծով կրճատվելու են: Ընթացիկ ծախսերը կազմելու են 26,2 մլրդ դրամ` 2024 թվականի համեմատ նվազելով 11,4 տոկոսով: