AM
6 November 2024 - 09:06 AMT

Առաջարկվում է գույնով տարբերակել բնական և ոչ բնական կաթնամթերքը․ Հարցի քննարկումը հետաձգվել է

Կառավարությունն առաջարկում է խանութներում իրական կաթից պատրաստված և ոչ կաթից պատրաստված կաթնամթերքներն առանձնացնել. առանց կաթնային յուղի փոխարինչի կաթնամթերքը տեղադրել կանաչ, իսկ կաթնային յուղի փոխարինիչ պարունակող կաթնամթերքը՝ նարնջագույն դարակաշարում: Այդ մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ԱԺ–ում ներկայացնելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ :

Նա նշվել է, որ կկանոնակարգվեն առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում կաթնամթերքի վաճառքին ներկայացվող պահանջները, ինչպես նաև կենդանական ծագման մթերքի և հումքի նույնականացման հետ կապված հարաբերությունները, հայտնում է Արմենպրեսը։

Նախարարը հավելել է, որ բոլոր կարգավորումները միտված են կանխելու մարդու կյանքին և առողջությանը վնաս հասցնելը և սպառողին մոլորության մեջ գցող գործողությունները:

Ըստ նախագծի՝ առևտրի օբյեկտներում կաթնամթերք ապրանքախմբի առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի կաթնամթերքը տարանջատված մեկուսամասում պետք է ապահովված լինի կանաչ, իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը տարանջատված մեկուսամասում պետք է ապահովված լինի նարնջագույն գունային առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով): Կանաչ դարակաշարի տեսանելի մասում պետք է տեղադրված լինի «առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի», իսկ նարնջագույն դարակաշարում՝ «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» անվանմամբ տեղեկատվական պիտակ:

«Սպառողը պետք է կարողանա տեսնել, թե որտեղ է իրական կաթից պատրաստված կաթնամթերքը և որտեղ՝ ոչ կաթից պատրաստված կաթնամթերքը»,–նշել է Պապոյանը:

Սահմանված պահանջի խախտումը կառաջացնի տուգանք: Պատգամավորներից ոմանց կարծիքով՝ այսպիսով անհարմարություններ են ստեղծվում փոքր խանութների համար՝ տարածքի առումով:

«Երբ սահմանում ենք դարակաշարերի պահանջ, տեխնիկական խնդիր է առաջանում փոքր խանութների դեպքում: Կարող է՝ տարածքով փոքր կրպակ է, որ առանձին դարակաշարեր դնելու տեղ չունի»,-ասել է հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:

Նա ներկայացրել է հանձնաժողովի առաջարկը, որ պահանջը դրվի ոչ թե խանութների դարակաշարերի, այլ ապրանքների վրա լինի կպչուն ժապավենների պահանջ: Նախարարն ասել է, որ առաջարկը մասամբ են ընդունել, քանի որ ԵԱՏՄ կանոններով մակնշման նոր պահանջ պետք է ավելացնեին, ինչը հնարավոր չէր: Ուստի սահմանել են, որ արտադրողները կարող են արտադրանքի վրա իրենց ցանկությամբ կանաչ կամ նարնջագույն մակնշում իրականացնել: Իշխանական և ընդդիմադիր խմբակցություններից այլ պատգամավորներ ևս իրենց մտահոգությունը հայտնեցին նախագծի վերաբերյալ:

Բաբկեն Թունյանն առաջարկել է հիմա որոշումը չընդունել, մեկ անգամ ևս քննարկել նախագիծը, հասկանալ ԵԱՏՄ-ի հետ կապված հարցը, նախագծի քննարկումը հետաձգել մինչև հաջորդ նիստ:

Քվեարկությունը հետաձգվել է մինչև 2 ամիս ժամկետով, նախագիծը կներառվի հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգում: