Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել և դրական եզրակացություն է ստացել 2025-ի պետական բյուջեի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարը նշել է, որ բյուջեն կենտրոնացած է երեք հիմնական ուղղությունների վրա։
«Դա դիմակայունության ամրապնդումն է, տնտեսական պոտենցիալի բարձրացումը, հարկաբյուջետային կայունության ապահովումը: Նաև՝ մակրոֆիսկալ ռիսկերի կառավարումը, որի ուղղությամբ տարբեր գործիքակազմեր են ներդրված բյուջեում»,– ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։
Ըստ նախագծի՝ 2025-ին կապիտալ ծախսերը կկազմեն 733 մլրդ դրամ, ինչը 5,4 տոկոսով կգերազանցի 2024-ի ցուցանիշը։ Կապիտալ ծախսերի մոտ 56 տոկոսը ուղղվելու է պաշտպանության ոլորտին։
«Պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 664 միլիարդ դրամ, ինչը 20 տոկոսով ավելի է 2024 թվականի պետական բյուջեով սահմանված պաշտպանության ծախսերից։ Արդյունքում, այս ծախսերը ՀՆԱ-ում կկազմեն 6 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ բարձրանալով 0,7 տոկոսային կետով»,- ասել է Հովհաննիսյանը։
Նախագծով նախատեսվում է նաև սոցիալական պաշտպանության ծախսերի ավելացում։