AM
12 November 2024 - 11:23 AMT

ՀՀ և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024–ին աճել է մոտ 35%-ով

Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 35%-ով։ Այդ մասին ՀՀ ԳԱԱ-ում «Չինաստանի արդիականացում. հայ-չինական հարաբերություններ» միջազգային համաժողովի ժամանակ ասել է Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը։

Նրա խոսքով` Չինաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Այս տարվա առաջին երեք եռամսյակում Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է 2․8 մլրդ դոլարի, ինչը 34․7%–ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը», – ասել է Չենը։

Նա հիշեցրել է, որ սեպտեմբերին China Southern Airlines ավիաընկերությունը սկսել է Ուրումչի-Երևան-Ուրումչի չվերթերը։ Սա տնտեսական և մշակութային համագործակցության նոր ճանապարհ է բացում։

Ժամանակավոր հավատարմատարը նշել է, որ չինական կողմն օգնում է նաև վերազինել Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, այն ներգրավված է Հյուսիս-Հարավ միջանցքի և արևային կայանի կառուցման նախագծերում։

Համագործակցության խորացման հեռանկարային ոլորտներն են, ըստ նրա, տեղեկատվական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, էներգիայի նոր աղբյուրները, բժշկությունը, թվային տնտեսությունը և ենթակառուցվածքները։

Մին Չենը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում աճում է հետաքրքրությունը չինարենի նկատմամբ, երիտասարդներից շատերը սովորում են լեզուն և մեկնում Չինաստան` կրթություն ստանալու և աշխատելու:

Միևնույն ժամանակ, Հայաստանում աճում է Չինաստանից ժամանած զբոսաշրջիկների թիվը, չինացիներն ավելի լավ են ծանոթանում երկրի մշակույթին ու ավանդույթներին։

2023 թվականին Չինաստանից Հայաստան է այցելել 20 հազար զբոսաշրջիկ։