AM
14 November 2024 - 13:26 AMT

5G ինտերնետի օպերատորները ՀՀ–ում ռադիոհաճախականությունների համար տուրք կվճարեն

5G ինտերնետի օպերատորները Հայաստանում ռադիոհաճախականությունների համար տուրք կվճարեն։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

2023 թվականին 5G ազդանշանի տարածման համար պետությունը հատկացրել է 2300-2400 մեգահերց հաճախականության տիրույթ, իսկ 2024–ի օգոստոսին՝ 3600-3800 ՄՀց, հայտնում է Sputnik Արմենիան։

Սովորական կապի (վերգետնյա բազային կայանների միջոցով) 1 մեգահերցի համար առաջարկվում է որպես տուրք սահմանել 25 մլն դրամ (64 հազար դոլար) միանվագ և 16,8 մլն դրամ (43 հազար դոլար) տարեկան, իսկ արբանյակային կապի համար՝ 3-ական մլն միանվագ և տարեկան:

Նախարարը հստակեցրել է, որ ընդհանուր առմամբ հատկացված է 300 ՄՀց, բայց ցանց ստեղծելու համար յուրաքանչյուր օպերատորին անհրաժեշտ է առնվազն 50 ՄՀց տիրույթ: Այսպիսով, հաճախականությունները կբավականացնեն 6 օպերատորի (Հանրապետությունում լայնաշերտ ինտերնետի ներկայիս ծածկույթն ապահովում են 4-5 օպերատորներ)։

Տվյալ տուրքերի հաշվին բյուջե է մուտքագրվելու միանվագ 7․5 մլրդ դրամ (19 մլն դոլար), իսկ տարեկանի դեպքում՝ 5 մլրդ-ից մի փոքր ավելի(13 մլն դոլար)։

Հայաստանի երեք խոշորագույն օպերատորներն արդեն ապահովում են 5G կապը Երևանում և երկրի խոշոր քաղաքներում: