Եվրոպական ներդրումային բանկը` ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար, հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։
Նշվում է, որ այս ճանապարհահատվածը «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կենսական հատվածն է, որը կբարելավի միակցվածությունը Եվրոպական միության, Մերձավոր Արևելքի և Ասիայի միջև:
ԵՆԲ-ի փոխնախագահ, Հայաստանում բանկի գործունեության պատասխանատու Թերեզա Չերվինսկան նշել է, որ սա ԵՆԲ-ի և Հայաստանի միջև երբևէ ամենախոշոր ֆինանսական պայմանագիրն է։
«Մենք ուրախ ենք աջակցել այս նախագծին, որը կնպաստի կայունությանը, կխթանի տնտեսական դիմակայունությունը և կամրապնդի կապը Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև», – նշել է նա։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի ներկայությամբ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի կողմից ստորագրվել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» ֆինանսական պայմանագրի և Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի հաստատման նամակները: ՀՀ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանն ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Հանդիպման սկզբում հայկական կողմը բարձր է գնահատել ԵՆԲ հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածներում: ԵՆԲ գործընկերներին են ներկայացվել ՀՀ կառավարության կողմից նախանշված առաջնահերթությունները՝ ընդգծելով էներգետիկայի, ջրային և տրանսպորտի ոլորտներում ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը:
Զրուցակիցները քննարկել են նաև մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանն ուղղված հնարավոր համատեղ նախաձեռնությունները՝ շեշտելով Հայաստանում բիզնես մշակույթի զարգացմանը և արտադրողականության աճին միտված ծրագրերի անհրաժեշտությունը:
Որպես ԵՄ «Գլոբալ դարպասներ» (Global Gateway) նախաձեռնության եւ Արեւելյան գործընկերության համար ԵՄ տնտեսական եւ ներդրումային ծրագրի դրոշակակիր նախագիծ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը կնպաստի տնտեսական աճին, տարածաշրջանային անվտանգությանը եւ շրջակա միջավայրի կայունությանը: Այն նաեւ կդառնա Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի առանցքային օղակը: