Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևային կանչել են Եվրոպայի և արտաքին գործերի նախարարություն՝ COP29–ի շրջանակում «Ֆրանսիայի և եվրոպացիների հասցեին Ադրբեջանի իշխանությունների անընդունելի հայտարարությունների» պատճառով։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ–ն։
«Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ֆրանսիայի ԱԳՆ–ն չի նշել, թե Բաքվի կոնկրետ որ հայտարարությւոնների մասին է խոսքը, սակայն Ֆրանսիայի՝ էկոլոգիական անցման հարցերով նախարար Անյես Պանիե-Ռյունաշեն չեղարկել է իր մասնակցությունը COP29–ին։
Ալիևն իր ելույթում Ֆրանսիային և Նիդերլանդներին մեղադրել էր «գաղութատիրության և մի շարք հանցագործություններ իրականացնելու մեջ»։ 20 տարուց ավելի երկիրը միանձնյա կառավարող բռնապետը Ֆրանսիայի իշխանություններին «Մակրոնի ռեժիմ» է անվանել։ Հարյուրավոր քաղբանտարկյալներ բանտերում ունեցող երկրի ղեկավարը փորձել է մարդու իրավունքների վերաբերյալ «դասեր տալ» արևմտյան ժողովրդավարություններին։