AM
20 November 2024 - 14:43 AMT

Փոխվարչապետը կարևորել է մետաղական հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկ կառավարումը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ազգային 5-րդ զեկույցի ներկայացմանը նվիրված համաժողովում հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես կարևորել է մետաղական հանքարդյունաբերության ոլորտի արդյունավետ և թափանցիկ կառավարումը։

«Մեր ամենամյա հավաքները նպատակ ունեն երկրի տնտեսության և հանրային կյանքի համար նշանակալից ազդեցություն ունեցող ոլորտի գործունեությունն ու տվյալները դարձնել հանրային ճանաչելի, հասանելի, թափանցիկ և հաշվետու»,-նշել է փոխվարչապետը:

Իր ելույթում Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նաև ԱՃԹՆ միջազգային խորհրդի կողմից հաստատված Ստանդարտի պահանջների ներդրման առաջընթացը գնահատող 2-րդ Վավերացման արդյունքներին։

«Հայաստանը ստացել է մասնակից երկրների մեջ առայժմ ամենաբարձր ամփոփ գնահատականը: Մեր գործընկերների գնահատմամբ՝ Հայաստանը առաջատար է շահառու սեփականության թափանցիկության ոլորտում և իր այդ հաջողությամբ բարձր նշաձող է սահմանում ԱՃԹՆ-ն իրականացնող մյուս երկրների համար»,–ասել է նա։

Ամփոփելով ելույթը՝ փոխվարչապետը վերահաստատել է Կառավարության և բազմաշահառու խմբի հանձնառությունը՝ ԱՃԹՆ-ի ստանդարտի շարունակաբար բարձրացվող պահանջները բավարարելու և ոլորտի լավ կառավարման գործելաոճը ամրապնդելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տանելու գործում։

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կառավարության, հանքարդյունահանող կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային քարտուղարության, ինպես նաև միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: