AM
21 November 2024 - 14:32 AMT

ՀՀ-ն վարկ կտրամադրի իրանական ընկերությանը` էլեկտրահաղորդման օդային գծի ծրագիրն ավարտելու համար

Հայաստանի կառավարությունը բյուջետային վարկ կտրամադրի Իրան-Հայաստան 400 կիլովոլտ էլեկտրահաղորդման գիծ կառուցող իրանական Sunir ընկերությանը՝ ծրագիրy հնարավոր սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու համար։

Այն հնարավորություն կտա ՀՀ և ԻԻՀ միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերը 350 ՄՎտ-ից հասցնել մինչև 1200 ՄՎտ-ի, կբարձրանա Հայաստանի էներգետիկ համակարգի անվտանգության մակարդակը, հուսալիությունը և կայունությունը, հնարավորություն կստեղծվի ամբողջ ծավալով օգտագործել Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը՝ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում:

Sunir ընկերությունը «Հայաստանի բարձրավոլտ ցանցեր» պետական ձեռնարկության հետ պայմանագիր է կնքել դեռևս 2006 թվականի հուլիսին: Ընդ որում, շինարարության համար անհրաժեշտ 106,8 մլն եվրոն ներգրավվել է միայն 2011-12 թթ. (որից 86,4 մլն եվրոն՝ իրանական Արտահանման զարգացման բանկից և 20,4 մլն եվրոն՝ փոխառության միջոցներից, որը ներգրավել է Sunir ընկերությունը), գրում է Sputnik Արմենիան։

Աշխատանքների ավարտը մի քանի անգամ հետաձգվել է, սակայն վերջնաժամկետ է սահմանվել 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։ Սակայն 2023 թվականի ապրիլին պարզվել է, որ «Նորավան» ենթակայանից (որը կառուցվում է էլեկտրահաղորդման գծերի համար) գողացել են երկու 400 կիլովոլտանոց տրանսֆորմատորների պղնձե մասերը։

Քանի որ տրանսֆորմատորներն ի պահ էին հանձնվել Sunir ընկերությանը, «Հայաստանի բարձրավոլտ ցանցերը» նրանից է պահանջել փոխհատուցել վնասը։ Քննարկումները տևել են շուրջ մեկուկես տարի, այդ թվում՝ Իրանի դեսպանի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի մասնակցությամբ:

Վերջապես 2024 թվականի հուլիսին Sunir-ը պատրաստակամություն է հայտնել գնել իրանական Iran Transfօ ընկերության արտադրության նոր տրանսֆորմատորներ։ Երկու տրանսֆորմատորների համար պետք է վճարել 4.6 մլն եվրո, սակայն ընկերությունը հայտարարել է, որ նման միջոցներ չունի և Հայաստանի պետբյուջեից վարկ է խնդրել։

Հաշվի առնելով նախագծի ռազմավարական կարևորությունը՝ կառավարությունը համաձայնել է նման վարկ տրամադրել 2024 և 2025 թվականներին՝ երկու տրանշով՝ 2 մլրդ 80 մլն դրամ ընդհանուր գումարով (5․3 մլն դոլար), ինչը ավելի է տրանսֆորմատորների ընդհանուր գնից։ Վարկի գումարն ավելացել է՝ հաշվի առնելով, որ տրանսֆորմատորների համար պետք է համապատասխան յուղ գնել և տեղ հասցնել։

Իրանի և Հայաստանի միջև գործում է երկու էլեկտրահաղորդման գիծ (110 և 220 կՎ լարմամբ): Երրորդ գիծը՝ 400 կՎ, թույլ կտա երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի հզորությունը 350-ից կՎ-ից հասցնել 1200 մեգավատի։