AM
22 November 2024 - 13:07 AMT

Ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ կհիմնվեն

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև բազմաոլորտ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել:

Նախարարը նշել է, որ արտահանման դիվերսիֆիկացման շրջանակներում Հայաստանում արդեն իսկ բացվել է էլեկտրական մեծությունների, ժամանակի և հաճախականության տրամաչափարկման լաբորատորիա, որը նպաստելու է արտադրանքի և ծառայությունների որակի բարելավմանը և հավելել, որ կհիմնվի ժամանակակից սարքավորումներով հագեցած ևս 3 տրամաչափարկման լաբորատորիա։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հիմնական հեռանկարային ուղղությունները, մասնավորապես անդրադարձել են ներդրումային հնարավորություններին, արտահանման դիվերսիֆիկացմանը, գյուղատնտեսության, արդյունաբերության, դեղագործական արդյունաբերության ոլորտներին։

Պապոյանը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։