ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչները քննարկել են 2024-2025 թթ․ ճանապարհային քարտեզի կարևորությունը։ Նոյեմբերի 19-21-ը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Մոսկվայում կայացած «Ռուսաստանի տրանսպորտ» ամենամյա միջոցառմանը։
Միջոցառման շրջանակում անցկացվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 8-րդ և ԱՊՀ համակարգող տրանսպորտային խորհրդակցության կոմիտեի 44-րդ նիստերը, «ԱՊՀ+» Տրանսպորտային համագործակցություն»․ փոխկապակցվածություն, դիմակայունություն, արդյունավետություն», ինչպես նաև «Արդյունավետ տրանսպորտային համակարգ. հիմնական տարրեր» լիագումար քննարկումները, հայտնում է ՏԿԵ նախարարությունը:
ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի հավանությանն են արժանացել ընդհանուր տրանսպորտային շուկայի զարգացմանն ուղղված անդամ պետությունների առաջարկները, մասնավորապես՝ ԵԱՏՄ երկրներում միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների իրականացման ժամանակ e-CMR էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրերի կիրառման պիլոտային նախագծի մեկնարկի առնչությամբ։ Նախագիծը կնպաստի բեռնափոխադրումների թվայնացմանը։
«ԱՊՀ+» Տրանսպորտային համագործակցություն»․ փոխկապակցվածություն, դիմակայունություն, արդյունավետություն» լիագումար նիստին մասնակիցները ներկայացրեցին իրենց երկրներում ազգային տրանսպորտային համակարգերի ռազմավարական զարգացման տեսլականը։
Սիմոնյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանում տրանսպորտի ոլորտում իրականացվող ծրագրերին, ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։