ԵԱԶԲ-ն ծրագրում է 2025-2026 թթ․ հայաստանյան նախագծերում ներդնել 200-250 մլն դոլար։ Այդ մասին հայտարարել է բանկի վարչության նախագահի տեղակալ Յարոսլավ Մանդրոնն Ալմաթիում 2024 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ ԵԱԶԲ-ն 2025 թվականին դիտարկում է Հայաստանի էլցանցերի հետ համագործակցության նոր նախագծեր։ Բանկը նաև «Երեմյան Փրոջեքթս» ընկերության և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համագործակցությունը շարունակելու ներուժ է տեսնում, հայտնում է Sputnik Արմենիան։
Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովն իր հերթին նշել է, որ գնային ռազմավարությունների շրջանակներում ներդրումների համար առաջնային ուղղություններն են ենթակառուցվածքը, կանաչ էներգետիկայի ոլորտը, թվայնացումը, դիվերսիֆիկացիան, տնտեսությունների մրցունակությունը:
«Հենց այդպիսի նախագծեր ենք իրականացնում Հայաստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում։ Այս տարի փոքր երկրներում պորտֆելն ավելացել է մինչև 436 մլն դոլարի։ Դա մեկուկես անգամ ավելի բարձր է այն տեմպերից, որոնք, ըստ ռազմավարության, մենք նախանշել ենք», – նշել է Պոդգուզովը։
Նա հայտնել է, որ բանկը 2024 թվականին ընդհանուր առմամբ իրականացրել է 30 նոր նախագիծ, ներդրումային պորտֆելը հասել է մոտ 15․6 մլրդ դոլարի՝ ընթացիկ տարում ավելանալով 6%-ով:
«Ընթացիկ տարվա 11 ամիսներին բանկի կապիտալն աճել է 9%-ով՝ հասնելով 2,2 մլրդ դոլարի։ Բանկիներդրումների տարեկան ծավալը 2024 թվականին հասել է 2․3 մլրդ դոլարի», – ասել է Պոդգուզովը:
Ավելի վաղ Պոդգուզովը հայտարարել էր, որ պատրաստ են առաջիկա 3 տարում Հայաստանում կատարել մոտ 500 մլն դոլարի ներդրում: