ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանում մեկնարկած Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստի բացմանը նշել է, որ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է և ունի համակարգային խոցելիություններ գլոբալ շուկաներ մուտք գործելու հարցում և գիտակցում է հավասար ու ներառական փոխկապակցվածության, բաց սահմանների, լիարժեք գործող տրանսպորտային ենթակառուցվածքների կարևոր նշանակությունը։
«Հայաստանը կառուցողականորեն ներգրավվել է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններում: Պակաս կարևոր չէ նաև Թուրքիայի հետ հաղորդակցության ուղիների վերագործարկումը: Այս գործընթացի հաջող արդյունքը կարող է վերականգնել տարածաշրջանի նշանակությունը միջազգային բեռնափոխադրումների գործում՝ նպաստելով մեր երկրների ու ժողովուրդների բարեկեցությանն ու տարածաշրջանում խաղաղությանը»,–ասել է նա։
Սիմոնյանը նշել է, որ Հարավային Կովկասում բոլոր առևտրային և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների լիակատար հարգանքի հիման վրա նոր հնարավորություններ կբացի ոչ միայն տարածաշրջանի տնտեսական զարգացման, այլև մարդկանց միջև շփումների, մշակութային կապերի համար: Դա էապես կնպաստի անվտանգությանը և կայունությանը տարածաշրջանում և անդին:
«Առաջնորդվելով այս տեսլականով՝ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Որպես մեր խաղաղության օրակարգի մաս՝ այս ծրագիրը նպատակ ունի զարգացնելու տարածաշրջանային հաղորդակցությունները՝ միջազգային իրավունքի, պետությունների ինքնիշխանության և իրավազորության հիման վրա: «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կարող է արդյունավետորեն կապել Պարսից ծոցը, Սև և Կասպից ծովերը՝ նպաստելով տնտեսական համագործակցության ու առևտրի ընդլայնմանը»,–հավելել է նա։
ԱԺ նախագահը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկն» ուղղված է մեր տարածաշրջանում հարաբերությունների պարադիգմն առճակատումից փոխակերպելու համագործակցությանը:
Նա հույս է հայտնել, որ ՍԾՏՀ անդամ պետությունների խորհրդարանները կաջակցեն այս նախաձեռնությանը, որը լիովին համահունչ է միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին:
Կառավարությունը մշակել ե ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջե կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները ե էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության ե իրավազորության ներքո, որոնցով անցնում են։