AM
13 December 2024 - 06:44 AMT

Հնդկաստանը, ՀՀ–ն և Իրանը քննարկել են Հյուսիս–հարավի խթանումը՝ կարևորելով Չաբահար նավահանգստի դերը

Դեկտեմբերի 12-ին Նյու Դելիում տեղի են ունեցել Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ ձևաչափով 2-րդ խորհրդակցությունները: Խորհրդակցությունները հնդկական կողմից վարում էր Հնդկաստանի ԱԳՆ Պակիստանի, Աֆղանստանի և Իրանի տարածքային գլխավոր վարչության պետ Ջ. Պ. Սինգհը: Հայաստանի և Իրանի պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Անահիտ Կարապետյանը և ԻԻՀ ԱԳՆ Հարավային Ասիայի գլխավոր վարչության պետ Հաշեմ Աշջազադեն:

Խորհրդակցությունների ընթացքում պատվիրակություններն ընդգծել են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) շրջանակներում սերտ համագործակցության խթանման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով Չաբահար նավահանգստի դերը: Հայկական կողմը մասնակիցներին ներկայացրել է հաղորդակցային ուղիների վերաբերյալ իր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Հիմնվելով 2023թ. ապրիլին Երևանում կայացած նախորդ եռակողմ խորհրդակցությունների արդյունքների վրա՝ կողմերը քննարկել են հաղորդակցային ուղիների նախաձեռնություններին, բազմակողմ հարթակներում ներգրավվածությանն ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։

Նախանշվել են նաև առևտրի, զբոսաշրջության և մշակութային փոխանակումների խթանման, մարդկանց միջև շփումների ամրապնդման ուղիները:

Երեք կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու համագործակցությունը տվյալ ձևաչափի շրջանակներում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ եռակողմ խորհրդակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Իրանում՝ կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում:

Ավելի վաղ ՀՀ–ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան ասել էր, որ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցի առնչությամբ հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների և անպայման հաշվի կառնի, երբ այդ առումով Հայաստանից հստակ առաջարկներ ստանա։

2024–ի մայիսին Իրանն ու Հնդկաստանը Չաբահարի Շահիդ Բեհեշթի նավահանգստի վերազինման և շահագործման մասին երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել։ Չաբահարի նավահանգիստը Հնդկաստանի և Իրանի համագործակցության առաջատար նախագծերից է, որի նպատակն է տարանցիկ առևտրի կարևոր հանգույց դառնալ նաև դեպի ծով ելք չունեցող Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի երկրների համար։ Հնդկաստանը առանցքային դեր է ունեցել Չաբահարի նավահանգստի զարգացման և շահագործման գործում: