AM
13 December 2024 - 08:35 AMT

«Գումի» շուկայի մսավաճառներից 8–ը ձերբակալվել է. ՍԱՏՄ–ն առգրավել է միսը

Դեկտեմբերի 13-ի վաղ առավոտից լարված իրավիճակ է «Գումի» շուկայում, քանի որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների ոստիկանների ուղեկցությամբ շուկայում փորձում էին առգրավել մսավաճառների միսը` հիմնավորելով, որ այն վաճառվում է նորմերի խախտումներով, բաց վիճակում, առանց համապատասխան թույլտվության։ Երբ մսավաճառներն ընդվզեցին, բախում առաջացավ նրանց և ոստիկանների միջև։

«Գումի» շուկայում աշխատող մսավաճառներից 8–ը ձերբակալվել է։ Այդ մասին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«ՍԱՏՄ աշխատակիցների և հավաքված քաղաքացիների միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել, որը կանխվել է ոստիկանների կողմից։ Միջադեպի մասնակից ևս յոթ անձ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանություն»,– հայտնել է Սարգսյանը։

Նրա խոսքով` ձերբակալվածների վերաբերյալ կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ներկայացնելու համար։

ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն ասել է, որ Սննդամթերքի անվտանգության տեսուչները «Գումի» շուկայում որևէ արտառոց, նոր բան չեն արել, հայտնում է Sputnik Արմենիան։

Հարությունյանը նշել է, որ նախորդ տարվա դեկտեմբերին օրենքով հաստատվել է, որ ՍԱՏՄ–ն ոչ սպանդանոցային ծագման միսը կարող է առգրավվել և ոչնչացնել, իսկ այս տարվա աշնանը հաստատվել է դրա իրականացման կարգը։

«Այսօր 9–ից շուտ ենք գնացել, որ հասկանանք, թե Խորենացի շուկայում (Գումի շուկա) միսը որտեղից է բերվում, ինչ ձևով։ Եթե տեսնեիք, թե միսն ինչ մեքենաներով և ոնց են բերում այդ շուկա, արդեն զզվելի է։ Մենք ամեն օր այդ բողոքը ստանում ենք քաղաքացիներից։ Մենք չենք կարող 200-300 իրացման կետի, տնտեսվարողի օգուտը վերադասել մարդկանց առողջությունից»,–ասել է Հարությունյանը։

Սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը ՀՀ–ում ուժի մեջ է 2023թ–ի դեկտեմբերի 6-ից։ Արդեն 1 տարի է` մեր երկրում արգելված է ոչ սպանդանոցում մորթված կենդանական ծագման ցանկացած հումքի և մթերքի իրացումը։ Իսկ շուկայում առանց համապատասխան հավատագրի վաճառվող միսը պետք է առգրավվի ու ոչնչացվի։