AM
17 December 2024 - 06:58 AMT

Կառավարության պարտքը գերազանցել է 12․5 մլրդ դոլարը

Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի նոյեմբերի վերջին կազմել է 12 մլրդ 569 մլն դոլար։ Ըստ Ֆինանսների նախարարության՝ նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, պետական պարտքը նվազել է 63 մլն դոլարով։ Այս նվազումը պայմանավորված է կառավարության պարտքի՝ 49․8 մլն և Կենտրոնական բանկի՝ 13․2 մլն դոլարով նվազմամբ, ինչը, համապատասխանաբար, կազմել է 12 մլրդ 74 մլն և 495 մլն դոլար։

Կառավարության պարտքն իր հերթին նվազել է ներքին պարտքի՝ 84․6 մլն դոլարով պակասելու արդյունքում։ Իսկ ահա արտաքին պարտքն ավելացել է 34․8 մլն դոլարով, հայտնում է Factor.am-ը։

Կառավարության պարտքի 48%-ն արտաքին է։ Նկատենք, որ մինչև 2024 թվականի մայիս Կառավարության արտաքին պարտքը դոլարային արտահայտությամբ գերակշռել է ներքին պարտքի համեմատ։ Ընդ որում, եթե արտարժութային պարտքի տոկոսադրույքը 3․9% է, ապա դրամային պարտքի համար այն շատ ավելին է՝ 10․7%։ Այսինքն՝ դրամով պարտքն ավելի թանկ է, և դրա հարաբերակցության ավելացումը նշանակում է ավելի մեծ տոկոսավճարներ, քան նախկինում:

Կառավարության պարտքի գծով վճարումները տարեցտարի ավելանում են․ 2023 թվականին այն եղել է 675․1 մլրդ դրամ, 2024-ի պետբյուջեի ծրագրով 803․2 մլրդ է, իսկ 2025 թվականին կազմելու է 1 տրլն 122․4 մլրդ դրամ։ 2025 թվականին ՀՀ Կառավարության պարտքի գծով վճարումների այս կտրուկ աճը պայմանավորված է մարման ենթակա եվրապարտատոմսերով: