Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը եւ Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը համաձայնագիր են ստորագրել Հայաստանին 15 տարով 500 մլն արժողությամբ վարկ տրամադրելու մասին LIBOR դրույքաչափով պլյուս 3 տոկոս` ճգնաժամի պայմաններում երկրի տնտեսությանը աջակցելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Կուդրինի խոսքերով սա նպաստավոր դրույքաչափով վարկ է. ներկա պայմաններում այն կազմում է տարեկան շուրջ 4 տոկոս: «Մենք 5 տարով հիմնական պարտքի վճարման նպաստավոր շրջան ենք տրամադրում, որի ընթացքում մեզ վճարելու են միայն վարկի տոկոսները»,- ասել է նա:
Հայաստանի ֆինանսների նախարարի խոսքերով Ռուսաստանի տրամադրած վարկը ճգնաժամի պայմաններում Հայաստանի տնտեսության համար լուրջ աջակցություն կհանդիսանա:
Նա նշեց, որ Հայաստանը միշտ պատասխանատվությամբ է վերաբերվում վարկերի վճարումներին, եւ համոզվածություն հայտնեց, որ այդ վարկի հետ կապված կկատարվեն բոլոր պարտականությունները:
Ստացված միջոցներն ուղղվելու են ենթակառուցվածքի զարգացմանը, փոքր եւ միջին բիզնեսի եւ ընդհանուր տնտեսության աջակցությանը: