AM
18 December 2024 - 13:35 AMT

Փոխվարչապետը՝ Ամուլսարի մասին․ Ամեն ինչ անելու ենք, որ ունենանք այն ներդրողին, որի մասին պետք է երազենք

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Մարտահրավերներ և հնարավորություններ՝ 2025-ին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է, որ կառավարությունն ինտենսիվ զբաղվում է Ամուլսարի ոսկու հարցով։

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ խնդիրը լուծվի ու ունենանք այն ներդրողին, որի մասին պետք է երազենք, եթե ուզում ենք ունենալ հանքարդյունաբերության ոլորտ»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Նա նաև ասել է, որ ԵԱՏՄ–ին ՀՀ անդամակցությունը չի խանգարում ԵՄ երկրներից ներդրումներ անելուն և արտահանմանը։ Նա ընդգծել է, որ կարևոր է չսահմանափակվել թեզերով, այլ պետք է լինել ադեկվատ և հասկանալ, որ անհրաժեշտ է շատ մտածել երկրի ներսում արտադրանքի ստեղծման վրա, որը կկարողանա մրցակցել միջազգային շուկաներում, հայտնում է Sputnik Արմենիան։

«Եթե կապիտալի շարժի հետ կապված նշվի որևէ հանգամանք, որը ԵՄ երկրներից ֆինանսական ներդրումների համար խոչընդոտ է, ապա ես հաճույքով կբանավիճեմ։ Բացի դրանից, մեր երկիրը տարբերություն չի դնում կապիտալի պաշտպանության տեսանկյունից` կախված դրա ծագման երկրից»,– հայտարարել է փոխվարչապետը։

Ապրիլին ՀՀ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հայտարարել էր, որ «Լիդիան Արմենիայի» կողմից ղեկավարվող Ամուլսարի ոսկու հանքը ենթադրաբար կսկսի շահագործվել կամ այս տարեվերջին, կամ 2025 թ. սկզբին։ 2023 թ. հունիսի 6–ին «Լիդիան Արմենիա» և «Ըլայդ Գոլդ Քորփ» ընկերությունների ղեկավարները ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել էին, որ պատրաստվում են համատեղ իրականացնել Ամուլսարի ծրագիրը։ Քննարկվել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման ժամկետների, շահագործման մեկնարկի ակնկալվող ժամկետների, ներդրումային ծրագրի ֆինանսավորման ընթացքի և պետություն-ընկերություն համագործակցության հետ կապված հարցեր:

Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիսարևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում, 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է: Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ Լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: