«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Տնտեսական և քաղաքական առաջնահերթություններ» խորագրով քննարկման ժամանակ հայտարարել է, որ ունենք տնտեսական անվտանգության խնդիր, որ ՀՀ-ն պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից։
«Մեր այս տնտեսական դաշնակցի՝ ԵԱՏՄ-ի պարագայում մենք ոչ տեխնոլոգիական տնտեսություն ենք ունենալու, ոչ լուրջ ներդրումներ ու զարգացող տնտեսություն՝ առավել ևս, որ այդ դաշնակիցն այսօր պատժամիջոցների տակ է»,–ասել է նա, հայտնում է «Առավոտը»։
Նա նշել է, որ իմ մոտեցումները 2000-2024-ը չեն փոխվել։
«Մենք ունենք ռազմական անվտանգության խնդիր․ մեր ռազմական դաշնակիցը, մեղմ ասած, չի ճանաչում մեր պետության սահմանները, մեր վճարված գումարի դիմաց մեզ սպառազինություն չի մատակարարում, հետևաբար որևէ պատասխանատվություն չի կրում մեր ռազմական անվտանգության համար։ Հարց է առաջանում, որ մեր ռազմական բաղադրիչը կամ մեր ռազմական դաշնակցին փոխել է պետք՝ նոր ռազմական դաշնակից գտնելու ոչ դաշինքային կամ դաշինքային համագործակցություն ձևավորելու առումով։ Հակառակի հնարավորությունը գոյություն չունի»,–ասել է նա։